News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Լոռու մարզում ՍՄԱՐԹ կրթական կենտրոնը պետք է լինի նոր ստանդարտների կենտրոն: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, ՍՄԱՐԹ կենտրոնի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով, լավ է, որ նման կենտրոններ են բացվում մարզերում բարեգործների կողմից. «Բայց ես կարծում եմ, որ եթե մտածում ենք պետական մակարդակով փոփոխությունների մասին, ապա պետք է մտածենք ոչ թե 1-2-ի, այլ բոլոր դպրոցների եւ ողջ կրթական համակարգի մոդեռնիզացիայի մասին: Նման կենտրոնները պետք է ծառայեն որպես օրինակ, թե ինչպիսի նորարար տեխնոլոգիաներ կարող են լինել կրթական ոլորտում: Կարծում եմ՝ այս կենտրոնի եւ նմանատիպ այլ կենտրոնների նախաձեռնողների օգնությամբ մենք կկարողանանք այդ ծրագիրն իրականացնել Հայաստանի ողջ տարածքով»,-ասցա փոխվարչապետը:

Նա տեղեկացրեց, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն արդեն հանդիպել է «Թումո» կենտրոնի տնօրենի հետ եւ արդեն որոշակի նախաձեռնություն է ստեղծվել. «Կարծում եմ, որ COAF-ի հիմնադիրները եւս կարող են այդ հարթակում ասելիք ունենալ, ինչը մեզ համար հետաքրքիր ու կարեւոր է»:

հարցին, թե պետական բյուջեի միջոցները թույլ կտա՞ն նամանատիպ կենտրոններ բացել բոլոր մարզերում, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Այն միջոցները, որոնք մենք այս պահին ենք դիտարկում, դա այն չէ, որ մենք պետք է ունենանք ապագայում: Առհասարակ, տնտեսությունը Հայաստանում հիմա մեծ հնարավորություններ ունի եւ ես կարծում եմ, որ մոտակա տարիներին ունենալու ենք լրջագույն տնտեսական աճ, որը մեզ թույլ է տալու նմանատիպ ծրագրեր իրականացնել:

Ասեմ ավելին՝ մենք չենք օգտագործել այն հսկայական մարդկային, գիտական, ֆինանսական ներուժը, որ մենք ունենք Սփյուռքում: Ժամանակն է, որ սփյուռքի մեր հայրենակիցները, որոնք պատրաստ են մասնակից լինել նման ծրագրերի, գան ու մեզ հետ սեղանի շուրջ քննարկեն դրանք»:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 27-ին, Լոռու մարզի Դեբետ համայնքում բացվել է «ՍՄԱՐԹ» կրթական կենտրոնը, որում 5 մլն դոլարի ներդրում է արվել: Այն գտնվում է Դսեղ եւ Դեբեդ գյուղերի խաչմերուկում:

Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնի ծրագրային թեւում լինելու  է ռոբոտաշինության, արհեստների  ու  արվեստների կենտրոնը, առողջապահական կրթական կենտրոնն ու մանկան զարգացման սենյակը: Գոտիներից մեկում առանձնացված է սմարթ գրադարանը, որը բոլոր ծրագրերի իրականացման կապող օղակն է լինելու:

ՍՄԱՐԹ ծրագրերն ընդգրկում են նաեւ կոդավորում, ծրագրավորում,  երաժշտական տեսահոլովակների ստեղծում: ՍՄԱՐԹ կրթական կենտրոնում կլինի հյուրատուն՝ փորձագետների համար, իսկ մասնագետները կվերապատրաստվեն տեղում:

ՍՄԱՐԹ-ի կառույցը բաղկացած է երկու մասից՝ ՍՄԱՐԹ կենտրոն (2230քմ) եւ ՍՄԱՐԹ ավան (20 հա), որտեղ տեղակայված են սենյակներ՝ հյուրերի համար. կարող է օրական 250 մարդու ծառայել։

Նշենք, որ Կենտրոնի կառուցումն ու գործարկումը ֆինանսավորել է ամերիկահայ ձեռներեց, «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» (COAF) հիմնադիր Գարո Արմենը։ նա դեռ 2017-ի սեպտեմբերին Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում 20 ՍՄԱՐԹ կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ է 200 մլն դոլար. «Հայեր կան, որոնց համար սա մեծ գումար չէ»,-նշել էր Գարո Արմենը:

Լոռու մարզում բացվել է ՍՄԱՐԹ կրթական կենտրոնը. 5 մլն դոլարի ներդրում է արվել (ֆոտո)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ