News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 14
Տեսնել լրահոսը


Շատ կարեւոր է ՍՄԱՐԹ կենտրոններ ստեղծել նաեւ մնացած բոլոր մարզերում եւ գյուղական համայնքների բնակիչներին նման հնարավորություն տալը: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, ՍՄԱՐԹ կենտրոնի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Կենտրոնի Գործառնությունների տնօրեն Քրիստ Մարուքյանը:

Նրա խոսքով, սպասել, որ մարդիկ գյուղական համայնքներում կարող են հասնել բարեկեցության այն մակարդակին, որ հնարավորություն ունենա իրենց երեխաների համար նման կրթական ծրագրերի մասնակից դարձնել, դա կարող է տեւել շատ երկար տարիներ, իսկ այդ տարիները մեր կյանքից են գնում. «Եթե COAF-ին հաջողվել է նման կենտրոն բացել մարզում, դրանով նպաստում ենք ողջ երկրի առաջընթացին»:

Մարուքյանը նշեց, որ ՍՄԱՐԹ կենտրոնի առավելությունն այն է, որ այն գտնվում է գյուղական համայնքում. «Մենք նամանատիպ օրինակ չունենք Հայաստանում, սա աննախադեպ է: Հիմա մոդելի ընտրության խնդիր կա, դրա համար համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ»:

Ինչ վերաբերում է կենտրոնի ֆինանսավորմանը, Մարուքյանը նշեց, որ դա անում է COAF-ը՝ իր դրամահավաքներից առաջացած  միջոցներով, կառավարությունից աջակցություն չեն ստանում:

«Ինձ թվում է, որ այն, ինչ մենք պլանավորել ենք, դրանից մի քանի անգամ ավելի հոսք ենք ունենալու՝ թե մասնագետների, թե երեխաների առումով: Մեծ ակնկալիքներ կան իշխանափոխությունից հետո, որ մոտեցումներ են փոխվել, երբ չենք ունենա խոսքի ու գործի անջրպետ: Սա եւս մեկ զարկ կտա մարզերի համաչափ զանգացմանը հասնելու համար»,-ընդգծեց Մարուքյանը:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 27-ին, Լոռու մարզի Դեբետ համայնքում բացվել է «ՍՄԱՐԹ» կրթական կենտրոնը, որում 5 մլն դոլարի ներդրում է արվել: Այն գտնվում է Դսեղ եւ Դեբեդ գյուղերի խաչմերուկում:

Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնի ծրագրային թեւում լինելու  է ռոբոտաշինության, արհեստների  ու  արվեստների կենտրոնը, առողջապահական կրթական կենտրոնն ու մանկան զարգացման սենյակը: Գոտիներից մեկում առանձնացված է սմարթ գրադարանը, որը բոլոր ծրագրերի իրականացման կապող օղակն է լինելու:

ՍՄԱՐԹ ծրագրերն ընդգրկում են նաեւ կոդավորում, ծրագրավորում,  երաժշտական տեսահոլովակների ստեղծում: ՍՄԱՐԹ կրթական կենտրոնում կլինի հյուրատուն՝ փորձագետների համար, իսկ մասնագետները կվերապատրաստվեն տեղում:

ՍՄԱՐԹ-ի կառույցը բաղկացած է երկու մասից՝ ՍՄԱՐԹ կենտրոն (2230քմ) եւ ՍՄԱՐԹ ավան (20 հա), որտեղ տեղակայված են սենյակներ՝ հյուրերի համար. կարող է օրական 250 մարդու ծառայել։

Նշենք, որ Կենտրոնի կառուցումն ու գործարկումը ֆինանսավորել է ամերիկահայ ձեռներեց, «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» (COAF) հիմնադիր Գարո Արմենը։ նա դեռ 2017-ի սեպտեմբերին Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում 20 ՍՄԱՐԹ կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ է 200 մլն դոլար. «Հայեր կան, որոնց համար սա մեծ գումար չէ»,-նշել էր Գարո Արմենը:

Տպել
Partner news