News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Մենք ուզում ենք ՍՄԱՐԹ կենտրոնները տարածենք Հայաստանի բոլոր գյուղերում. սա է մեր նպատակը: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, Լոռու մարզում ՍՄԱՐԹ կենտրոնի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» (COAF) հիմնադիր Գարո Արմենը։

Նա նշեց, որ Դեբեդ գետի ափին այս հատվածը շատ հրաշալի է, դրա համար է ընտրել հենց այս վայրը ՍՄԱՐԹ կենտրոնի կառուցման համար. «Այստեղ ես էլ կուզեմ ապրել, իմ փափագն է այստեղ մնամ ու աշխատեմ»:

Գարո Արմենի խոսքով, իրենք նպատակ ունեն հաջորդ տարի այս կենտրոնի գործերում առաջընթաց ապահովել. «Դրանից հետո Հայաստանի շրջանակներում նվազագույնը 10 կենտրոն ենք ուզում ստեղծել: Հույս ունենք, որ նոր  իշխանությունը հպարտ քաղաքացիներ կունենա: Ես հպարտ եմ մեծացել, բայց դժբախտաբար չէի կարող ասել, որ մեր երկիրը այդ հպարտությունը ներկայացնում է: Հիմա հույս ունեմ, որ դա իրականություն կլինի: Ամերիկացի մասնագետները, որոնք եկել են այստեղ, այս ծրագրերը տեսել են, ասել են, որ նման կենտրոն իրենք էլ կցանկանային ունենալ Ամերիկայում»:

Նա խոստացավ, որ մյուս մարզերում եւս նման կենտրոններ կբացվեն, սակայն չցանկացավ նշել, թե հաջորդ կենտրոնը որտեղ կբացվի:

Հարցին, թե պատրաստվո՞ւմ է բնակություն հաստատել Հայաստանում, Գարո Արմենը պատասխանեց. «Անպայման»:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 27-ին, Լոռու մարզի Դեբետ համայնքում բացվել է «ՍՄԱՐԹ» կրթական կենտրոնը, որում 5 մլն դոլարի ներդրում է արվել: Այն գտնվում է Դսեղ եւ Դեբեդ գյուղերի խաչմերուկում:

Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնի ծրագրային թեւում լինելու  է ռոբոտաշինության, արհեստների  ու  արվեստների կենտրոնը, առողջապահական կրթական կենտրոնն ու մանկան զարգացման սենյակը: Գոտիներից մեկում առանձնացված է սմարթ գրադարանը, որը բոլոր ծրագրերի իրականացման կապող օղակն է լինելու:

ՍՄԱՐԹ ծրագրերն ընդգրկում են նաեւ կոդավորում, ծրագրավորում,  երաժշտական տեսահոլովակների ստեղծում: ՍՄԱՐԹ կրթական կենտրոնում կլինի հյուրատուն՝ փորձագետների համար, իսկ մասնագետները կվերապատրաստվեն տեղում:

ՍՄԱՐԹ-ի կառույցը բաղկացած է երկու մասից՝ ՍՄԱՐԹ կենտրոն (2230քմ) եւ ՍՄԱՐԹ ավան (20 հա), որտեղ տեղակայված են սենյակներ՝ հյուրերի համար. կարող է օրական 250 մարդու ծառայել։

Նշենք, որ Կենտրոնի կառուցումն ու գործարկումը ֆինանսավորել է ամերիկահայ ձեռներեց, «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» (COAF) հիմնադիր Գարո Արմենը։ նա դեռ 2017-ի սեպտեմբերին Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում 20 ՍՄԱՐԹ կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ է 200 մլն դոլար. «Հայեր կան, որոնց համար սա մեծ գումար չէ»,-նշել էր Գարո Արմենը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ