News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մայիսի 28-ը համազգային եւ համապետական տոն է եւ աբսուրդ է, որ պառլամենտական երկրում օրենսդիր իշխանության ղեկավարները չեն հրավիրվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նրան, թե ինչու Սարդարապատում Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներին ԱԺ նախագահը չէր հրավիրվել:

«Այստեղ ՀՀԿ, ԲՀԿ եւ այլ խմբակցությունից լինելը կապ չուներ, խնդիրը պետք է այլ հարթության մեջ նայել, պետք է նայենք գործադիր իշխանություն՝ Կառավարություն եւ օրենսդիր իշխանություն: Իշխանությունների այս ճյուղերն անկախ են եւ որեւէ մեկը որեւէ մեկից գերակա չէ, ավելին օրենսդիր իշխանությունն է ձեւավորում գործադիրը, եւ օրենսդիր իշխանությունն է ընտրում Կառավարության ղեկավարին եւ օրենսդիր իշխանությունն է վերահսկում Կառավարությանը, այլ ոչ թե Կառավարությունը օրենսդիրին: Սա խայտառակ, հակաժողովրդական քայլ է եւ չի տեղավորվում համերաշխության եւ հանդուրժողականության մեջ, ոչ էլ Մայիսի 28-ի խորհրդի մեջ, իսկ Մայիսի 28-ի խորհուրդը դա ազգային միասնությունն է: Սա ցույց է տալիս, թե ինչ ճանապարհով է գնում իրականում Փաշինյանի կառավարությունը: Ես կարծում եմ՝ պետք սպասել կառավարության պատասխանին, թե ինչ պատճառով ԱԺ ղեկավարությունը չեն հրավիրվել»,- վրդովված ասաց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ 58 հոգանոց խմբակցությունից ընդամենը 3 հոգի է հրավիրվել եւ Արա Բաբլոյանն էլ հրավիրվել է որպես խմբակցության անդամ, այլ ոչ թե ԱԺ նախագահ:

«Հրավիրվել են 13 հոգի, 4-ը՝ «Ելք» խմբակցությունից եւ մնացած խմբակցություններից 3-ական հոգի, ընդ որում ԱԺ նախագահը հրավիրվել է ոչ թե որպես օրենսդիր մարմնի ղեկավար, այլ որպես ՀՀԿ անդամ, անուններն էլ իրենք են որոշել՝ ով պետք է լինի, իրենց ճաշակով՝ Ցոլակյան Ֆելիքս, Բահրամ Բաղդասարյան եւ Արա Բաբլոյան: Եթե նոր իշխանություններին թվում է, որ գնում ենք դեպի Նիկոլ Փաշինյանի դիկտատուրա, չարաչար սխալվում են: Հայաստանում պետք է հարգվի իշխանությունների տարանջատման սկզբունքը եւ օրենսդիրը պետք է էլեմենտար հարգանք ունենա գործադիրի նկատմամբ, գործադիրն էլ պետք է հարգանք ունենա օրենսդիրի նկատմամբ: Մենք իրար սիրել հարկավոր չենք, բայց իրար հարգելը պարտադիր է: Նիկոլ Փաշինյանը կարող է իր ընտանեկան միջոցառումներին ինձ չհրաավիրել եւ պարտադիր չէ, բայց եթե ես պառլամենտում անում եմ միջոցառում ու դա համապետական միջոցառում է ես պարտավոր եմ հրավիրել իմ գործընկերներին»,- հավելեց նա:

Նշենք, որ այսօր Սարդարապատում Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չի մասնակցել: Ազգային ժողովի աշխատակազմը փորձել է ճշտել ԱԺ նախագահի մասնակցության արարողակարգը, հաշվի առնելով, որ միջոցառման պաշտոնական մասը միշտ իրականացվել է եռյակի մասնակցությամբ՝ Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի եւ վարչապետի, ԱԺ աշխատակազմին հայտնել են, որ այս տարի Ազգային ժողովի նախագահը չի լինելու նշված եռյակում։ Այսպիսով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը գտնում է, որ իշխանության առանձին ճյուղի, օրենսդրի նկատմամբ դրսեւորվել է ոչ համարժեք վերաբերմունք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ