Գեղարքունիքի մարզում, այսօր՝ մայիսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։30-ի սահմաններում 28-ամյա Նարեկ Ճաղարյանն իր վարած Opel մակնիշի 35 PQ 401 համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ավտոճանապարհին՝ ՀՀ ՊՆ N զորամասի հարեւանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել հողաթմբին, մի քանի պտույտ գլխվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի եզրին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է, ում դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են փրկարարները:
Աղբյուրի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը հնարավոր է՝ փոխանցվեն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն, քանի որ պարզվել է՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։
Նշվում է, որ նա վերջերս էր ամուսնացել, իսկ ավտոմեքենան գնել էր 1-2 օր առաջ։ Օպերատիվորեն ժամանել են նաեւ վթարի հարեւանությամբ գտնվող ՀՀ ՊՆ զորամասի սպայական կազմը։