Երեւանի պետական համալսարանում ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը պահանջող ուսանողների հետ հանդիպման ժամանակ ռեկտորին թույլ չէին տալիս դուրս գալ գիտխորհրդի դահլիճից: (ֆոտոռեպորտաժ):
Մինչ այդ Արամ Սիմոնյանը հանդիպում էր ունենում ուսանողների հետ, որի ժամանակ նշել էր, որ ուսանողների պահանջը իրավաչափ չէ: «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ ուսանողները հայտարարել էին, որ կմնան ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում այնքան ժամանակ, մինչեւ Արամ Սիմոնյանը հրաժարական տա: ԵՊՀ ռեկտորն էլ արձագանքել էր, որ ուսանողները կարող են մնալ, սակայն ինքը հեռանում է դահլիճից: Սակայն ուսանողները փակեցին նրա ճանապարհը՝ նստելով ելքի հատվածում:
«Սա բացահայտ բռնություն է իմ նկատմամբ եւ ես իրավունք ունեմ ինքս էլ բռնությանը բռնությամբ պատասխանել եւ անցնել»,-ասաց Արամ Սիմոնյանը: Տեսնելով, որ նրա ինքնազգացողությունը լավ չէ, ուսանողները թույլ տվեցին նրան անցնել:
Նշենք, որ այսօր՝ մայիսի 29-ի առավոտից բողոքի ակցիա է ընթանում ԵՊՀ-ում: մասնավորապես, «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ ուսանողները դասադուլ են հայտարարել եւ մի քանի պահանջ են առաջ քաշել՝ ռեկտորի հրաժարական, բուհի հոգաբարձուների խորհրդի լուծարում, համալսարանում աուդիտի անցկացում, ուսանողական խորհդրի եւ Արհմիության լուծարում:















