ԵՊՀ-ում դասադուլ սկսած ուսանողների բոլոր պահանջներն իրավաչափ չեն: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԵՊՀ-ում ռեկտորի հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Նա նշեց, որ ինքը օրինապաշտության կողմնակից է եւ ամեն ինչ պետք է արվի օրենքով. «Այդ բոլոր պահանջներն իրավաչափ չեն եւ բացատրեմ, թե ինչու՝ ռեկտորի հրաժարականը կարող է լինել երկու դեպքում՝ եթե նա դիմում է տալիս, եւ երբ հոգաբարձուների խորհուրդը, որ նրան ընտրել է, հետ է կանչում նրան, կամ քվեարկում է, որպեսզի նա թողնի պաշտոնը։ Երկու դեպքն էլ իրավական հողի վրա են։ Ես օրինապաշտության կողմնակից եմ եւ գտնում եմ, որ ամեն ինչ պետք է արվի օրենքով», - ասաց Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է հոգաբարձուների խորհուրդը լուծարելու ցուցարարների պահանջին, ԵՊՀ ռեկտորը նշեց. «Հոգաբարձուների խորհուրդը ես չեմ ընտրել, այն ընտրվել է կառավարության որոշմամբ, հասցեատերը կառավարությունն է, ես չեմ։ Ես ինքս հոգաբարձուների խորհրդի անդամ չեմ, եւ իմ կարծիքը որեւէ ուժ չունի խորհրդի հետ կապված, ես նույնիսկ իրավունք չունեմ քվեարկելու հոգաբարձուների խորհրդի որոշման համար։ Հոգաբարձուների խորհուրդի ընտրությունը կարգավորվել է կառավարության որոշմամբ եւ Բարձրագույն կրթության մասին օրենքով, դա ինձ չպետք է հասցեագրեք։ Կառավարությունը պետք է որոշի, դա իր իրավունքն է եւ իր իրավասությունն է»։
Նշենք, որ այսօր՝ մայիսի 29-ի առավոտից բողոքի ակցիա է ընթանում ԵՊՀ-ում: մասնավորապես, «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ ուսանողները դասադուլ են հայտարարել եւ մի քանի պահանջ են առաջ քաշել՝ ռեկտորի հրաժարական, բուհի հոգաբարձուների խորհրդի լուծարում, համալսարանում աուդիտի անցկացում, ուսանողական խորհդրի եւ Արհմիության լուծարում:




























