Վրաստանը սկսել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու ընթացակարգը: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտնել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիդ Դոնդուան, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:
Սա կլինի Թբիլիսիի պատասխան քայլը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության կողմից վրացական տարածքներ Աբխազիան եւ Ցխինվալի շրջանը անկախ պետություններ ճանաչելուն:
Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարություն է հրապարակել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու մասին:
Դոնդուան շեշտել է, որ սիրիական ռեժիմը Ռուսաստանի կողմից մանիպուլյացիաների հետեւանքով ապօրինի որոշում է ընդունել եւ միջազգային իրավունքի սկզբունքները խախտելով՝ ճանաչել է Աբխազիայի եւ այսպես կոչված՝ Հարավային Օսիայի «անկախությունը»:
«Ասադի ռեժիմը նշված գործողություններով աջակցել է Վրաստանի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիային եւ տարիներով շարունակվող էթնիկ զտմանը»,- ընդգծել է Դոնդուան:
Վրաստանի եւ Սիրիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1994 թվականի մայիսի 18-ին: Վրաստանում Սիրիայի դոեսպանի նստավայրը գտնվում է Երեւանում, իսկ Սիրիայում Վրաստանի դեսպանինը՝ Կահիրեում:
Սիրիան ճանաչել է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը





























