News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը պնդում է, որ Ընտրական օրենսգրքում տարածքային ցուցակների ընտրակարգը (ռեյտինգային ընտրակարգ) ժողովրդավարական է եւ այն պետք է ընդլայնվի։ Մինչդեռ առաջիկայում կառավարության նախաձեռնությամբ հանձնաժողով է ստեղծվելու, որը քննարկելու է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, մասնավորապես տարածքային ցուցակների դրույթը, ինչին դեմ են «Ելք», «Ծառուկյան», ՀՅԴ խմբակցությունները։  Ռեյտինգային ընտրակարգը ջերմեռանդորեն պաշտպանել է միայն ՀՀԿ–ն, որը մեծ թվով քվե կարողացել է հավաքել տարածքային ցուցակներով առաջադրված գործարար թեկնածուների միջոցով։ NEWS.am–ի հետ զրույցում Դավիթ Հարությունյանը մանրամասնել է՝ որ տարբերակն է համարում ընդունելի ։  

Պարոն Հարությունյան,  Ընտրական օրենսգրքի փոփոխությունները քննարկելու նպատակով  առաջիկայում հանձնաժողով է ստեղծվելու։  Խնդրո առարկան տարածքային ցուցակների, այսպես կոչված, ռեյտինգային ընտրակարգի դրույթի փոփոխությունն է եւ ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցումը։ Դուք  կողմնակից եք եղել  տարածքային բաց ցուցակներին, պատրա՞ստ եք ընդունել ամբողջական համամասնական ընտրակարգի տարբերակը։

Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ տարածքային բաց ցուցակները ժողովրդավարության տեսանկյունից առավել արդյունավետ եղանակ է, որովհետեւ երկու կարեւոր հարց է լուծում, որը չի լուծում այն համակարգը, որն առաջարկվում է։ Առաջինը՝ հնարավորություն է ընձեռում հրաժարվել մարդ կուսակցություն համակարգից, իհարկե  անմիջապես չի տալու իր էֆեկտը, պահանջելու է երկու–երեք ընտրական ցիկլ, բայց ես կարծում եմ, որ ուղղությունը պետք է ի սկզբանե պարզ լինի, երկրորդը՝ այն թույլ է տալիս խուսափել մայրաքաղաքում քաղաքականության գերկենտրոնացումից։ Հայտնի է, որ հարյուր տոկոսանոց համամասնական  կոչված համակարգերը շատ հաճախ գերկենտրոնացնում են քաղաքականությունը մայրաքաղաքում՝ տարածքներում չունենալով որեւէ քաղաքական  դաշտ։ Իսկ բաց ցուցակների համակարգը հնարավորություն է ընձեռում, որ տարածքներում եւս ձեւավորվեն քաղաքական կուսակցության ստորաբաժանումները եւ տեղական քաղաքականության մակարդակով կարողանան ինչ–որ ձեւով արտահայտել իրենց ազդեցությունը եւ շահեն ընտրողների ձայները։ Եւ վերջապես ամենակարեւորի՝ ցուցակի հերթականության մասին, այո, մենք 50–50 ենք նախատեսում համապետական եւ տարածքային ցուցակի հարաբերակցությունը, բայց ի սկզբանե մենք առաջարկում էինք ավելի ժողովրդավարական հարաբերակցություն՝ նվազեցնելով համապետական ցուցակի ներկայացվածությունը եւ հնարավորություն ընձեռելով տարածքային ցուցակներով ընտրված անձանց ավելի լայն ներկայացվածություն։ Դա նշանակում է, որ իրականում քաղաքական  գործիչների խորհրդարան անցնելը որոշում է ժողովուրդը  իր քվեարկությամբ, այլ ոչ թե կուսակցության վերնախավը հերթականությունը ինքնուրույն սահմանելով։

Հնարավո՞ր է, որ  առաջիկա քննարկումների արդյունքում պահպանվի տարածքային ցուցակների  ընտրակարգը, բայց ավելի փոքր քանակով, պարզապես կրճատվի տարածքային թեկնածուների քանակը։ Էդմոն Մարուքյանը այս տարբերակն է նշում։

Ես չգիտեմ՝ ինչ փոփոխությունների մասին է խոսքը, տեղյակ չեմ նաեւ, թե էս պահին ինչ քննարկումներ են ընթանում, առնվազն Հանրապետականի հետ որեւէ  քննարկում, որեւէ քաղաքական ուժ այս պահին չի նախաձեռնել։

Դո՞ւք եք  ՀՀԿ–ից ընդգրկվելու այդ հանձնաժողովում։

Չեմ կարող ասել, կուսակցությունը կորոշի։

Ո՞ր դեպքում եք հնարավոր համարում կոնսենսուս Ընտրական օրենսգրքի շուրջ։

Քանի դեռ  քննարկումները չեն սկսվել, որեւէ կոնսենսուսի մասին այս պահին հայտարարելն անիմաստ եմ համարում, կարծում եմ՝ սա պետք է լինի քննարկման  առարկա։ Այսինքն՝ մենք բաց ենք, պատրաստ ենք բոլոր փաստարկները դնել սեղանին  եւ լսել նաեւ հակառակ կարծիքներ։

Պարոն Հարությունյան, Դուք  շարունակելու եք պնդել Ընտրական օրենսգրքի  տարածքային ցուցակների գործո՞ղ տարբերակը, թե՞ այլ առաջարկ ունեք։

Ես կարծում եմ, որ այս ձեւը հաջող ձեւ է, բայց հարաբերակցությունը պետք է մտածել՝ ինչ ժամկետում պետք է փոխվի, ընդ որում հօգուտ տարածքային ցուցակների, այլ ոչ թե հակառակը։

Այսինքն՝ տարածքային ցուցակները շատանա՞ն...

Այո , տարածքային ցուցակները պետք է շատ ավելի շատ ազդեցություն ունենան, բայց տեսնենք՝ ինչ փաստարկներ են բերելու մեր գործընկերները։ Ես հասկանում եմ՝ որոշ կուսակցություններ դեռեւս չունեն իրենց տարածքային ստորաբաժանումները, եւ այս ընտրական համակարգի նպատակն էր խթանել, որ կուսակցությունները նաեւ տարածքներում ստեղծեն իրենց գրասենյակները։ Եթե այսօր չունեն, օրինակ,  տարբերակներից մեկը կարող է լինել հետեւյալը, հերթական ընտրությունը կարող է այս համակարգով  չիրականացվել, բայց հետո նորից վերադառնանք իմ կարծիքով, ավելի ժողովրդավարական այս համակարգին։   

Արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրությունը նկատի ունեք։

Հաջորդ ընտրություն՝ լինի հերթական, թե արտահերթ։ 

Պարոն Հարությունյան,  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պնդում էր, որ ՀՀԿ–ն պատրաստվում է հերթական՝ 2022 թվականի ընտրություններին։ Մի շարք ՀՀԿ–ականներ էլ պնդում էին, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա։ Ի՞նչ փոխվեց, որ նախօրեին Դուք հայտարարեցիք՝ պատրաստ եք քննարկել արտահերթ ընտրությունների հարցը։

Ոչինչ չի փոխվել, մենք, իսկապես, համարում ենք, որ ճիշտ է գնալ հերթական ընտրություններին, եթե կառավարությունը տեսնի, որ խորհրդարանում մեծամասնությունը որեւէ խոչընդոտ չի ստեղծում իր ծրագրերի համար, ես չեմ բացառում, որ լինեն այլ հարցադրումներ եւ դրանք անընդհատ հնչում են, եւ ասում ենք, որ պատրաստ ենք նաեւ դա քննարկել, թեեւ համարում ենք՝ եթե չկա խոչընդոտ կառավարության  գործունեության համար, տրամաբանական տարբերակ է, որ  գնանք հերթական ընտրություններին, բայց պատրաստ ենք քննարկել նաեւ դա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ