News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կառավարությունն իր այսօրվա արտահերթ նիստում հաստատել է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Ըստ այդմ, կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:

Պարտադիր կուտակային համակարգի շահառուների գերակշիռ մասն արդեն իսկ ներառված է համակարգում եւ շահառուների միայն փոքր մասն է, որի ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո: Եթե նախկինում անձը կուտակում էր իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում էր անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը։ Այս կառավարության առաջարկով, 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 տոկոսը՝ պետությունը։

Այս պահին կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ: Մինչ Կառավարությունն ընդունում էր որոշումը, տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության դիմաց: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը ժամանակին նույնպես դեմ էր այս համակարգի ներդրմանը:

Գործադիրը նաեւ որոշում է ընդունել չգրանցված աշխատողների համար սահմանել միասնական 250 հազար դրամի չափով տուգանք՝ ներկայումս սահմանված՝ չգրանցված աշխատողների քանակից կախված տարբերակված տուգանքների փոխարեն։ 

Կառավարությունը նաեւ հաստատել է օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է աղը, մինչեւ 50 գրամանոց կարագը, սուրճը, թեյը, շոկոլադը  հանել դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկից: Բացի դրանից, առաջարկվում է թռչնի մսի, պանրի, կաթնաշոռի, մսամթերքի, ձկնեղենի համար մինչեւ 10 տոկոս շեղումը չդիտարկել դրոշմավորման կանոնների խախտում, քանի որ այս ապրանքներն իրացման փուլում օբյեկտիվորեն կորցնում են քաշի որոշակի մաս։

Հունիսի 10-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել Արցախի Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող Վահագն Էլոյանը: Կրծքավանդակի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում ստացած 25-ամյա Վահագն Էլոյանը մահացել է զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին։ Նա ավարտել էր Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտը, ապրիլյան պատերազմի մասնակից էր: Վահագն Էլոյանին կհուղարկավորեն «Եռաբլուր»-ում

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ վիրավորվել էր զինծառայող Գեւորգ Խաչատրյանը, որի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի գործությունները շփման գծում որակել է որպես սադրանք՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի սրմանը:  Խնդրին անդրադարձել է նաեւ Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ալմաթիում անցկացվող ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13–ին կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հայաստանի վարչապետը ներկա կլինի Աշխարհի գավաթի խաղերի բացման արարողությանը եւ Ռուսաստան– Սաուդյան Արաբիա ֆուտբոլային խաղին։ ՌԴ–ում է գտնվելու նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որի հետ, սակայն, հանդիպում նախատեսված չէ։

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հայտարարել է, որ հրաժարվում է զբաղեցրած պաշտոնից։ Նշենք, որ նա ուղիղ մեկ ամիս առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ հրաժարական չի ներկայացնելու:

Կառավարության որոշմամբ Սասուն Խաչատրյանն այսօր նշանակվեց Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ՝ վեց տարի ժամկետով։ Նա մինչեւ 2016թ.-ն աշխատել է դատախազությունում, մի քանի աղմկահարույց գործերով մեղադրող է եղել:

Ամենամյա «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան եւ ակտիվիստ Չո Լա Աունը։ Չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին եւ հալածանքներին, նա պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության եւ մարդու իրավունքների համար։ Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ հաղթողի անունը հայտարարվել է արեւածագին՝ Խոր Վիրապի մոտակայքում տեղի ունեցած միջոցառման ընթացքում:

Դոլարն էժանացել է, եվրոն՝ թանկացել:  Դոլարի փոխարժեքը կազմել է 483.14 դրամ, եվրոն՝ 569.67 դրամ, բրիտանական ֆունտը՝ 645.72 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է  7.71 դրամ:

Հայաստանի մարզերի մեծ մասում հունիսի 12-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Որոշ վայրերում հնարավոր է կարկուտ: Երևանում ժամանակ առ ժամանակ կլինի անձրեւ եւ ամպրոպ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +14 +16, վաղը կեսօրին՝ +25 +27:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ