News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ելք» դաշինքի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գեւորգ Գորգիսյանը վստահ է, որ եթե դաշինքի անդամ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցություններն առանձին մասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ապա որեւէ մեկը հաղթելու շանս չունի։ Գեւորգ Գորգիսյանը նույնչափ վստահ է, որ  ապրիլին Սերժ Սարգսյանի դեմ սկսած  բողոքի ալիքը  թափ առավ, երբ ապրիլի 17–ին՝ Սերժ Սարգսյանի ընտրության օրը «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն»  կուսակցության պատգամավորները, խորհրդարանի դահլիճում Սերժ Սարգսյանի  մասին կոշտ ելույթներ ունեցան վերջինիս ներկայությամբ։ NEWS.am–ի հետ զրույցում պատգամավորն անդրադարձել է կուսակցությունում ընթացող քննարկումներին։

Պարոն Գորգիսյան, ի՞նչ փուլում են «Ելք» դաշինքի՝ մեկ կուսակցություն դառնալու քննարկումները։

Քննարկումները կավարտվեն՝ կասեմ, հիմա ոչ մի բան չեմ կարող ասել։

Իսկ ինչի՞ց է կախված միավորումը։

 Տարբեր հարցեր կան, քննարկվում է։

Եթե «Լուսավոր Հայաստան»–ը միայնակ մասնակցի ընտրություններին, խորհրդարան մտնելու շանս ունի՞։

Ես հիմա շատ մեծ ռիսկ եմ տեսնում «Ելք»–ի տարանջատման մեջ, որովհետեւ հասարակությունը «Ելք»–ին միասնական միավոր է դիտարկում, ինչն ապացուցում են տարբեր հարցումները։ «Ելք»–ի որեւէ կազմալուծումը դաշինիք որեւէ մասնակցի ձեռնտու չէ այս պահի դրությամբ։ Սա  մենք ընդունում ենք ի գիտություն։

Ընդունո՞ւմ եք, որ այդպիսի միասնական միավոր հասարակությունը դիտարկում է Փաշինյանի անձի  շուրջ, օրինակ եթե «Լուսավոր Հայաստան»–ը անջատվի, ապա այդ զանգվածը կգնա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետեւից։

Ոչ, որովհետեւ «Լուսավոր»–ն ունի իր կայուն ընտրազանգվածը, որը շատ լուրջ դերակատարում է ունեցել հեղափոխության փուլում, եւ չէի ուզի, որ ուղղակի հիմա այդպիսի բաժանում անեինք, քանի որ չկա նման բան։ Հիմա բանակցություններն ընթանում են, որ «Ելք»–ը չփլուզվի, եւ համատեղ մասնակցենք ընտրություններին։

Բանակցություններն ընթանում են միասնակա՞ն մասնակցության ուղղությամբ։

Այո, դրա շուրջ։

Դուք ասացիք՝ հեղափոխության մեջ «Լուսավոր Հայաստան»–ը մեծ ներդրում է ունեցել, ինչպե՞ս դա պետք է լիներ, եթե կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը դեմ էր Փաշինյանի ճանապարհային քարտեզին եւ  բոլորովին այլ ճանապարհ էր առաջարկում։ Կարո՞ղ էր ընտրազանգվածը գնալ ոչ թե իր կուսակցության առաջնորդի, այլ Փաշինյանի ճանպարհային քարտեզով։

Քանի որ մենք լիբերալ կուսակցություն ենք, մենք որեւէ  հետեւորդի, կուսակցության անդամի որեւէ բան չենք արգելել, երբեք։ Բոլոր նրանք, ովքեր ցանկացել են, նրանք մասնակցել են։ Նրանք կազմակերպել են տարբեր տեղերում տարբեր միջոցառումներ, այդ ամենը տեղի է ունեցել եւ դա չի կարելի հաշվի չառնել։ Առնվազն Սերժ Սարգսյանի խորհրդարանական գործընթացից հետո մենք տեսանք, որ կոտրվեց Սերժ Սարգսյանի անպարտելի ու անհասանելի լինելու միֆը մեր ելույթներից հետո, եւ կրկնապատկվեց ու եռապատկվեց, նույնիսկ ավելին, որովհետեւ այդ օրը դրսում մնացել էր մի քանի հազար մարդ եւ դրա հաջորդ օրը մարդիկ մեծ թափով....

Մեծ թափով միացա՞ն...

Երկու ֆակտոր կար այդտեղ։ Նախ մարդիկ, որ ի վերջո տեսան, որ Սերժ Սարգսյանն ընտրվեց վարչապետ, եւ երկրորդ, որ այլեւս նա անհասանելի եւ անձեռնմխելի չէր, ինչպես նախկինում, որովհետեւ մինչ այդ բոլորը խոսել էին Սերժ Սարգսյանի դեմ, բայց երբեք դա առերես չէր եղել։ Սերժ Սարգսյանի քաղաքական կարիերայում առաջին անգամ նրան առերես ասացին իր թերությունները։

Այդ օրը միայն «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցության  պատգամավորներն էին խորհրդարանում, այսինքն, ձեր ելույթներով նպաստում էիք, որ ժողովուրդը միանա շարժմանը, իսկ դուք՝ ո՞չ։

Բոլոր այն պահերին, երբ պետք է եղել, եղել ենք փողոցում։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները եղել են փողոցում շարժման առաջին իսկ օրվանից։ Նիկոլ Փաշինյանին «Լուսավոր Հայաստան» վանաձորյան գրասենյակը ընդունել է  ջերմորեն։ Դա նշանակում է, որ կար քաղաքացիական պրոցես, որին մենք ոչ ի պաշտոնե, բայց աջակցել ենք։

Որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության առանցքային ներկայացուցիչ՝ կարո՞ղ եք ասել, եթե, այնուամենայնիվ, դաշինքի կուսակցությունները առանձին մասնակցեն ընտրություններին,  «Լուսավոր Հայաստան»–ը հաղթելու շանս ունի՞։

Եթե միասին չգնանք, կարծում եմ՝ «Ելքի» ուժերից որեւէ մեկը հաղթելու շանսեր չունի։

 

 

Տպել
Ամենաշատ