News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

ԱԺ-ում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջարկվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Ռեմիկի Դանիելյանի թեկնածությունը:

Ելիզավետ Դանիելյանի թեկնածությունը ներկայացրեց ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Երվանդ Խունդկարյանը:

Նրա խոսքով, ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասին, 213-րդ հոդվածի համաձայն, ՍԴ անդամի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են հաջորդաբար, ՀՀ նախագահը, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը եւ կառավարությունը:

«Ու քանի որ հունիսի 16-ին տարիքը լրանալու հիմքով օրենքի ուժով դադարելու են ՍԴ անդամ Վոլոդյա Հովհաննիսյանի լիազորությունները, Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Ռեմիկի Դանիելյանի թեկնածությունը»,-ասաց նա:

Խունդկարյանը նշեց, որ ՍԴ անդամի թեկնածու ընտրելու օրակարգով մայիսի 18-ին Վճռաբեկ դատարանում հրավիրվել է դատավորների ընդհանուր ժողով, որին մասնակցելու իրավունք ունեն բոլոր դատավորները: Գրություններ են ստացվել երկու թեկնածուների վերաբերյալ՝ Արման Դիլանյան եւ Ելիզավետա Դանիելյան: Դատավորների ընդհանուր ժողովում, որին մասնակցել է 175 դատավոր, նոր թեկնածուներ չեն առաջադրվել: Թեկնածուները հանդես են եկել ելույթներով, գաղտնի քվեարկությամբ 88 կողմ ձայն ստացել է Ելիզավետա Դանիելյանը եւ 87 կողմ՝ Արման Դիլանյանը: Ընտրվել է 54-ամյա Ելիզավետա Դիլանյանը:

Խուդկարյանը ներկայացրեց Ելիզավետա Դանիելյանի կենսագրությունը եւ նշեց, որ նա շուրջ 10 տարի եղել է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, իսկ 2009 թվականին նշանակվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր:

Նշենք, որ մայիսին ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի թափուր տեղի համար (Կիմ Բալայանի տեղն էր թափուր մնացել) առաջադրել էր Էմիլ Բաբայանի թեկնածությունը, որը սակայն ԱԺ-ն չհաստատեց՝ բավարար թվով ձայներ նրա օգտին չտալով:

Հիմա արդեն, Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Ռեմիկի Դանիելյանի թեկնածությունը: Եթե նա էլ չընտրվի ԱԺ-ում, ապա ՍԴ-ում 2 տեղ թափուր կմնա:

Նկատենք, որ ՍԴ անդամի թեկնածությունը ԱԺ-ում պետք է հաստատվի 3/5-րդով, այսինքն անհրաժեշտ է լինելու 63 կողմ ձայն:

ՍԴ անդամի ընտրության հարցը բավական երկար քննարկումների առիթ է տվել: Ավելի քան 200 փաստաբաններ նամակով դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ առաջարկելով այդ պաշտոնի համար մրցույթ անցկացնել եւ նշել, որ իրենց նախընտրելի թեկնածուն փաստաբան Վահե Գրիգորյանն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ