News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Ընկերներիցս մեկն ինձ ուղարկել էր Նյու Յորքում բնակվող թուրք ամերիկացի Իբրահիմ Քուրթուլուսի ծավալուն նամակի պատճենն ուղղված CNN-ի հարյուրավոր աշխատակիցների, որտեղ նա խստորեն քննադատել էր Էնթոնի Բուրդենին, Քրիս Քուոմոյին եւ ուրիշներին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Քուրթուլուսի էլեկտրոնային նամակի թեման վերնագրված էր՝ «Երբ CNN-ի Քրիս Քուոմոն եւ «հատկապես» Էնթոնի Բուրդենը օրինականցնում են ՌԱՍԻԶՄԸ»:

Դժբախտ զուգադիպությամբ, թուրքական նամակն ուղարկվել է 2018 թ. հունիսի 5-ին՝ Բուրդենի ինքնասպանություն գործելուց ընդամենը երեք օր առաջ... Հաշվի առնելով, որ վերջին օրերին մեծ թվով հայեր եւ օտարազգիներ էին գրել՝ անհիմն կասկածներ հայտնելով, թե Բուրդենի մահվան պատճառը Ադրբեջանը կամ Թուրքիան են, ուզում եմ հստակեցնել, որ ես չեմ հավատում նման դավադրությունների: Ցավոք, Բուրդենը, որը տարիներ շարունակ թմրանյութեր էր օգտագործել, մոլի խմող էր եւ տառապել է լուրջ դեպրեսիայից, անցյալ շաբաթ ինքնասպանություն գործեց հյուրանոցի համարում Ֆրանսիա կատարած այցի ժամանակ:

Բացի այդ, նրանք, ովքեր քարոզում են այդ դավադրությունները, վնաս են հասցնում հայկական շահերին: Էնթոնի Բուրդենը, որը «Անծանոթ վայրեր» ճամփորդական եւ խոհարարական հայտնի շոու ուներ CNN հեռուստաընկերությունում, հայտնվել էր Ադրբեջանի «սեւ ցուցակում»՝ անցալ տարի Հայաստան կատարած այցից հետո Արցախ մեկնելու համար: Հեռուստահաղորդումն անցյալ ամիս ցուցադրվեց CNN-ով, մեծ հրճվանք պատճառելով հայերին եւ առաջ բերելով ադրբեջանցիների ու թուրքերի վրդովմունքը: Ենթադրելով, թե Ադրբեջանն է սպանել Բուրդենին՝ հայերը պարզապես օտարներին տարհամոզում են Արցախ այցելելուց...

Քուրթուլուսը հարձակվել է CNN-ի Քրիս Քուոմոյի վրա՝ նրա շոուի ընթացքում կոնգրեսական Ադամ Շիֆից (դեմոկրատ, Կալիֆորնիա) հարցազրույց վերցնելու համար: Քուրթուլուսը Շիֆին ներկայացրել էր որպես «ռասիստ»՝ Հայոց ցեղասպանության ճանաչման աջակցության համար եւ համեմատել Կու-կլուքս-կլանի Դեյվիթ Դյուկի հետ: Այնուհետեւ Քուրթուլուսն քննադատել է կոնգրեսական Նենսի Փելոսիին (դեմոկրատ, Կալիֆորնիա)՝ 2016 թ. նրա հայտարարության մեջ Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Քուրթուլուսը ծիծաղելիորեն պնդել է, որ Ցեղասպանության ժամանակ հայերը հնարավոր է մահացել են «ծերությունից», այլ ոչ թե սպանություններից...

Քուրթուլուսը նաեւ իր զայրույթն է թափել Էմի Գուդմանի վրա, որը վարում է «Ժողովրդավարությունը հիմա»  մրցանակակիր ռադիո-հեռուստատեսային լուրերի ծրագիրը, որ եթեր է տրվում Հյուսիսային Ամերիկայի 900 հանրային հեռարձակման կայաններով՝ իր շոուի ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Քուրթուլուսը ոչ միայն հերքել է Հայոց ցեղասպանության իրողությունը՝ այն անվանելով «կեղծիք», այլեւ մեղադրել է հայերին՝ «թուրքերի դեմ ոչնչացման արշավ» կազմակերպելու համար... Նա նաեւ կեղծորեն պնդել է, որ «հայերի դեմ համակարգված բնաջնջման արշավը ոչ միայն անհավանական էր, այլեւ անհնարին...»:

Այնուհետեւ Քուրթուլուսը քննադատել է Էնթոնի Բուրդենին՝ Սերժ Թանկյանի ուղեկցությամբ Հայաստան եւ Արցախ կատարած այցելությունների համար: Քուրթուլուսը Թանկյանին ներկայացրել է որպես «հայ-ամերիկյան ռոք խմբի (System of a Down) անդամ, որի հիմնական նենգ նպատակն է աշխարհի երիտասարդ երկրպագուների ուղեղների լվացումը՝ «Հայոց ցեղասպանությունը» ընդունելու համար»: Այնուհետեւ Քուրթուլուսը մեղադրել է Բուրդենին՝ «այդ ատելության ողջ քարոզչությունը իր դրվագում  (https://www.youtube.com/watch ?v=A3oEJjTbDpo) կրկնելու համար»:

Վիրջինիա նահանգի Չարլոթվիլի սպիտակ «սուպրեմասիստների» հետ Բուրդենին համեմատելուց հետո, Քուրթուլուսը հարցնում է՝ «ո՞րն է տարբերությունը»: Ցավոք, Քուրթուլուսը զրպարտել է որեւէ մեկին, որը պաշտպանել է Հայոց ցեղասպանության հավաստիությունը: Ուրիշները մեղավոր չեն, որ Օսմանյան Թուրքիայի կառավարությունը կազմակերպել էր հայ ժողովրդի բնաջնջումը: Եթե դրա հետեւանքով թուրք ժողովուրդը սարսափելի վարկ է ձեռք բերել, սխալ է դրանում մեղադրել հայ զոհերին: Քուրթուլուսի փաստարկը համարժեք է նրան, որ դատապարտեն բոլոր նրանց, որոնք խոսում են Հրեական հոլոքոստի մասին, քանի որ դա կարող է վնասել գերմանացիների վարկին...

Այնուհետեւ Քուրթուլուսն անարգել է Հայոց ցեղասպանության մասին գրած բոլոր մտավորականներին, ներառյալ դեսպան Հենրի Մորգենթաուին, որն իր «Մի ազգի սպանությունը» գրքում գրել է ականատեսի վկայությունները: Դրա փոխարեն, Քուրթուլուսը գովերգել է այսպես կոչված «մտավորականներին», որոնք ցեղասպանության ժխտողներ են՝ թուրքական կառավարության ֆինանսավորմամբ:

Քուրթուլուսն իր նամակն ավարտել է Բուրդենի հասցեին ուղղված հավելյալ վիրավորանքներով. «Եթե ես ապրեի ավելի քիչ ռասիստական երկրում, Էնթոնի Բուրդենը անհապաղ կկորցներ իր աշխատանքը: Սակայն խնդիրը կապված չէ միայն ատելությամբ լի մոլեռանդների հետ, իչպիսին Էնթոնի Բուրդենն է. ինչո՞ւ է [CNN-ի] նախագահ Ջեֆ Ցուկերը, որը նույնպես ստացել է մեր հաղորդագրությունները, թույլատրում Բուրդենի արատավոր ռասիզմը»:

Քուրթուլուսը մեղադրել է նաեւ CNN-ի այլ աշխատակիցների, որոնք չեն բողոքել՝ «Էնթոնի Բուրդենի անպատասխանատվության, ատելության եւ կոռուպցիայի փաստերի դեմ.... Ինչպե՞ս կարող էին CNN-ի լրագրողները հանդուրժել Էնթոնի Բուրդենի նախապաշարմունքները, ինչպես նաեւ փաստերի կեղծումը»:

Քուրթուլուսի բազմաթիվ կեղծիքների եւ խեղաթյուրումների դեմ հակադրվելու փոխարեն ես պարզապես մեջբերում կանեմ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքից, որը 1926 թ. օգոստոսի 1-ին Los Angeles Examiner թերթում հրապարակված հարցազրույցում խոստովանել է. «Նախկին Երիտթուրքերի կուսակցության այս մնացորդները, որոնք պետք է պատասխան տան մեր միլիոնավոր քրիստոնյա հպատակների կյանքի համար, որոնց զանգվածաբար դաժանաբար քշեցին իրենց տներից եւ կոտորեցին, չեն ենթարկվում հանրապետական իշխանությանը: Նրանք մինչ օրս ապրել են թալանով, կողոպուտով եւ կաշառակերությամբ ու թշնամաբար են վերաբերվել ցանկացած գաղափարի կամ առաջարկության՝ լծվելու օգտակար աշխատանքի եւ վաստակելու իրենց ապրուստը իրենց ճակատի արդար քրտինքով»։

Քանի որ ես Քուրթուլուսի էլեկտրոնային նամակի պատճենը ստացել եմ CNN-ի հարյուրավոր էլեկտրոնային փոստի հասցեների ամբողջական ցանկի հետ միասին, որոնց նա ուղարկել էր իր էլեկտրոնային նամակը, ես իմ հոդվածը կուղարկեմ միեւնույն էլեկտրոնային փոստի հասցեներով, որպեսզի Քուրթուլուսը չխաբի CNN- ի լրագրողներին:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Տպել
Ամենաշատ