News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Եթե ես լինեի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ, անսպասելի չէր լինի, որ ինձ աշխատանքից ազատեին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՈՀ-ի նորանշանակ նախագահ Սմբատ Գոգյանը՝ անդրադառնալով փաստին, որ իր նախորդը՝ Լիլիթ Արզումանյանը, միայն e-gov.am-ից է իմացել, որ ազատվել է աշխատանքից:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 11-ի որոշմամբ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սմբատ Գոգյանը:

Մինչ այս նշանակումը կառույցը ղեկավարում էր բանասիրական գիտությունների դոկտոր, գրականագետ Լիլիթ Արզումանյանը: Նրա խոսքով՝ իրեն ոչ ոք չի տեղեկացրել, որ ազատվել է աշխատանքից, բնականաբար, պատճառների մասին էլ ոչինչ չգիտի:

«Գաղափար չունեմ, թե ինչու: Ինձ չեն զանգահարել կամ այլ կերպ տեղյակ պահել: Ով ազատել է, նրանից հարցրեք»,- ասաց Լիլիթ Արզումանյանն ու հավելեց, որ ԲՈՀ-ի այժմյան նախագահին չի ճանաչում եւ որեւէ մեկնաբանություն չի կարող տալ:

NEWS.am-ի հարցին, թե ինչպե՞ս է նորանշանակ նախագահը վերաբերվում փաստին, որ առանց տեղյակ պահելու աշխատանքից ազատել են Լիլիթ Արզումանյանին, Գոգյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել: Հնարավոր է, որ զանգել են, չի պատասխանել, եւ վարչապետը հրամանը տվել է: Եթե ինձ այսօր մաթեմատիկայի ինստիտուտում կանչեին ու ասեին, որ աշխատանքից ազատում են, ինձ լավ չէի զգա:, բնականաբար կվրդովվեի: Բայց այս երկրի քաղաքական վիճակն այնպիսին է, որ ցանկացած պաշտոնյա պետք է հասկանա իրավիճակը: Հատկապես, եթե խոսքը վերաբերում է ԲՈՀ-ին, որը Տարոն Մարգարյանի ատենախոսությունից հետո քննադատության տակ է»:

Նշենք, որ Սմբատ Գոգյանի՝ Facebook-ում հրապարակված լուսանկարները արժանացել են շատ օգտատերերի քննադատություններին: «Խառնաշփոթը պայմանավորված է նրանով, որ անձնական որոշ նկարներ սխալ կոնտեքստով են ներկայացվել: Մասնավորապես՝ նացիստական հագուստով լուսանկարը ֆոտոշոփ արված է, տեղադրված է «no natural Սմբատ» անունով ալբոմում, որտեղ բոլոր նկարները բնական չեն»,- մեկնաբանում է հանձնաժողովի նորանշանակ նախագահը:

Հավելենք նաեւ, որ Սմբատ Գոգյանը ավարտել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետը, եւ ըստ մամուլի տեղեկությունների՝ եղել է Ծարավ Աղբյուր համատիրության նախագահ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news