News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նախորդ տարվա հոկտեմբերին բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության է ներկայացվել «Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատի ընդլայնում մինչեւ 15 մլն.տ/տարի» նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության /ՇՄԱԳ/ հաշվետվությունը: Այս մասին EcoNews.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հ. Հովհաննիսյանը:

Մեր տեղեկությունների համաձայն, «Թեղուտ» ՓԲԸ կողմից շահագործվող հանքի տարածքում «ցանկություն է եղել» նոր՝ 2-րդ, պոչամբար կառուցել: Նշված տեղեկությունը ճշգրտելու նպատակով դիմեցինք ՀՀ բնապահպանության նախարարություն: Պատասխանում, մասնավորապես, ասվում է. ««Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից 25.10.2017թ. բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության է ներկայացվել «Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատի ընդլայնում մինչեւ 15 մլն.տ/տարի» նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության /ՇՄԱԳ/ հաշվետվությունը:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված տեխնիկական առաջադրանքին համապատասխան չլինելու պատճառով, փորձաքննական գործընթացը չի սկսվել, եւ այդ մասին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքով սահմանված կարգով տեղեկացվել է ձեռնարկողին: Համաձայն փորձաքննության ներկայացված նախագծային փաստաթղթերի՝ պոչամբարի կառուցում չի նախատեսվում»:

Հունիսի 13-ին փորձագետ Հրաչիկ Միրզոյանը հայտնել է, որ հանքի տարածքում սկսել են պոչամբարի ամբարտակի ամրացման աշխատանքներ իրականացվել: «Լուրջ կասկածներ կան, որ «Վալլեքսը» ամբարտակի ամրացման համար օգտագործվող ապարները արդյունահանում է առանց համապատասխան թույլտվությունների...»,- գրել է նա:

Ամբարտակի ամրացման հետ կապված ընկերությունն այնտեղ իրականացնում է լրացուցիչ աշխատանքներ: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը: «Մենք ունենք իրենց կողմից ներկայացված անվտանգության վկայական, որտեղ նկարագրված են պոչամբարի տեխնիկական տվյալները, որպեսզի անհրաժեշտության դեպքում ԱԻՆ կարողանա արձագանքել: Ընկերությունը հայտնել է, որ ամբարտակի վրա իրականացվող լրացուցիչ աշխատանքների իրականացման համար նաեւ դրսից փորձագետներ են հրավիրվել: Մենք իրենց վրա որեւէ վերահսկողակյան ֆունկցիա չունենք օրենքով սահմանված, մեր ֆունկցիան զուտ արձագանքումն է վթարի դեպքում, ինչի համար մենք ունենք պոչամբարի անվտանգության վկայականն իր տեխնիկական նկարագրով, որպեսզի նաեւ դրա հիման վրա մենք ունենանք ծրագիր, թե վթարի դեպքում, ինչպես կարող ենք արձագանքել»,- մանրամասնեց նա:

Նշենք նաեւ, որ այս տարվա սկզբին հասարակության շրջանում սկսեցին շրջանառվել տեղեկություններ «Թեղուտ» ՓԲԸ կողմից շահագործվող հանքի պոչամբարի վնասված լինելու մասին: Այս տեղեկությունը Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը շարունակաբար հերքել է: «Նախնական ուսումնասիրությամբ պոչամբարի պատվարի վրա որեւէ ճաք կամ վթարային իրավիճակ, ինչպես նաեւ պոչամբարից արտահոսքի հետք դեպի շրջակա միջավայր չի հայտնաբերվել: Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Դեբեդ գետից լրացուցիչ կատարել են նմուշառում՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզելու՝ արդյո՞ք գետի մեջ վտանգավոր նյութ առկա է, թե` ոչ»,- մեզ հետ զրույցում փետրվարին հայտնել էր Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը:

Բացի այդ, վերջինս նաեւ հայտնել է, որ խոսքը արտադրական հոսքաջրերի պարզարանի մասին է, որտեղից ենթադրվում էր, որ կարող էր լինել պարզաջրերի արտահոսք, սակայն արտահոսքի հետքեր չեն հայտնաբերվել, բայց ամեն դեպքում լրացուցիչ նմուշառում է արվել պարզարանից եւ վերցված նմուշառման արդյունքները համապատասխանել են սահմանված նորմերին:

Սակայն, ԱԻՆ մամուլի խոսնակը հունիսի 13-ին, հայտնում է, որ պոչամբարի ամբարտակի վրա իրականացվում են լրացուցիչ աշխատանքներ:

Հիշեցնենք, որ «Թեղուտ» ՓԲԸ հանդիսանում է «Վալլեքս» խմբի ընկերությունների մաս, որի կազմի մեջ մտնում են նաեւ «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ, «Էյ-Սի-Փի» ՓԲԸ եւ այլ ընկերություններ: ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն այժմ հանդիսանում է «Վալեքս գրուպ» ընկերության ֆինանսական տնօրենը եւ օրերս խոսել է հանքի գործունեության մասին: Վերջինս նշել է, որ տնտեսության վրա Թեղուտի չաշխատելը բացասաբար է ազդում. «Թեղուտը Հայաստանում երկրորդն էր եւ աշխատողների թվով, եւ վճարված հարկերով: Բնականաբար՝ իր տնտեսական էֆեկտն արդեն ի ցույց է դրել: Եթե շուրջ 1000 հոգի գործազուրկ է դառնում, դա թողնո՞ւմ է տնտեսական էֆեկտ, թե՞ ոչ: Իհարկե՝ թողնում է»,- Հանրային ռադիոյի լրագրողի հետ զրույցում ասել է նա:

Նշենք նաեւ, որ օրերս «Թեղուտ» ՓԲԸ նախկին աշխատակիցները փակել էին գործարան տանող ճանապարհը՝ կառավարությունից ու գործարանի ղեկավարությունից պահանջելով, որ գործարանը կրկին վերաբացվի: Աշխատակիցները նշում էին, որ իրենք մեծ պարտքեր են կուտակել բանկերում ու խանութներում, իսկ սոցիալ-տնտեսական վիճակը գյուղում ծայրահեղ է: Ըստ նրանց՝ գործարանում իրենց աշխատանքը շարունակում են շուրջ 400 մարդիկ, որոնց մեծ մասն անվտանգության աշխատակիցներն են: Ճանապարհը հետագայում բացվել է, քանի որ «Թեղուտ» ՓԲԸ -ից խոստացել են հանդիպել բնակիչների հետ:

Տպել
Ամենաշատ