Այսօր` հունվարի 25-ին, ժամը 1-ի սահմաններում Սեբաստիա 5 հասցեում` «Մաքսիմա» ռեստորանի դիմաց Wolksvagen Passat մակնիշի 13 ՍՍ 770 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի հետիոտնի եւ հարվածել երկու ավտոմեքենայի:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Wolksvagen Passat-ը հարվածել է Mitsubishi մակնիշի 24 ԼՍ 630 համարանիշի եւ Toyota մակնիշի 18 ՕՏ 919 համարանիշի մեքենաներին:
Վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է: Ականատեսների վկայությամբ` նա փողոցը հատում էր չնախատեսված վայրով: Wolksvagen-ի վարորդը ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին: պարզվել է, որ վրաերթ կատարողը 33-ամյա Արամ Ալեքսանդրի Զարգարյանն է:
Դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Այս պահին քննչական գործողություներ են իրականացնում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները եւ ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետը: Նշված հատվածում երթեւեկությունն արդեն կարգավորվել է:
Քննչական գործողություններից հետո քննիչի հանձնարարությամբ մեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին ՃՈ տուգանային հրապարակ:
Վրաերթի ենթարկվածի ինքնությունը ճշտելու համար քննիչները մեկնելու են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Երեւանի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:









Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























