News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը NEWS.am-ի հետ զրույցում արձագանքել է իր նախկին տեղակալ Արմեն Դանիելյանի, ինչպես վերջինս է ձեւակերպել՝ սկանդալային բացահայտումներին:

Արմեն Դանիելյանը երկար տարիների լռությունից հետո որոշել է բարձրաձայնել գլխավոր դատախազի պաշտոնում Կոստանյանի «թույլ տված սխալների մասին, որոնց հետեւանքները ծանր են»: Բանն այն է, որ Դանիելյանը 2008-2013 թվականներին զբաղեցրել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը եւ համակարգել կոռուպցիայի դեմ պայքարի վարչության աշխատանքները, սակայն ճշմարտության մասին բարձրաձայնում է իշխանափոխությունից հետո։

«Ես վերադարձա մարդկանց ասելու ճշմարտությունը… դա հարյուրավոր նախկին դատախազների պատիվը եւ արժանապատվությունը վերականգնելու ճշմարտությունն է…»,- Facebook-ում գրել է Դանիելյանը: Նա հիշել է, որ տարիներ առաջ կոռուպցիայի դեմ պայքարին լծված Կոստանյանի օգնական Տիգրան Խեչոյանը «չոր է դուրս եկել» կոռուպցիոն սկանդալից: Մի շարք հռետորական հարցադրումներից հետո վերջինն արդարության վերականգնում է համարել Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում հեղափոխությունից հետո Սասուն Խաչատրյանի նշանակումը, որը համակարգը լքել էր դարձյալ Կոստանյանի ձեռամբ։ Այնուհետեւ Արմեն Դանիելյանը հիշատակել է մի շարք դատախազների անուններ, որոնք կոռուպցիայի դեմ պայքարել են, սակայն Կոստանյանը նրանց հեռացրել է համակարգից:

Ուշագրավ է, որ Դանիելյանը մանրամասներ չի հրապարակել իր ազատման պատճառների վերաբերյալ: Լուռ է նաեւ Գեւորգ Կոստանյանը. մեզ հետ զրույցում նա միայն հայտարարեց, թե Դանիելյանը լավ գիտի իր ազատման պատճառների մասին: «Նշված անձը զբաղեցրել է ամենապատասխանատու պաշտոնը, համակարգել է կոռուպցիայի դեմ պայքարի վարչության աշխատանքները 2008-2013 թվականներին, իսկ արդյունքներն ինքներդ կարող եք գնահատականի արժանացնել։ Ինքը լավ գիտի՝ ինչի համար է աշխատանքից ազատվել։ Ես էլ լավ գիտեմ»,- ասաց Գեւորգ Կոստանյանը:

Նրա խոսքով՝ այդ գրառումներով Արմեն Դանիելյանն ընդամենը հիշեցնում է իր անձի մասին, իսկ հիշեցման միջոցը իրեն չի մտահոգում: «Տարբեր մարդիկ, տարբեր միջոցներ են ձեռնարկում իրենց մասին հիշեցնելու համար: Գուցե այդ տղայի տակտիկան էլ իր մասին հիշեցնելու այդպես է ընտրված, ես չեմ կարող գնահատական տալ։ Արմեն Դանիելյանին լավ հիշում եմ, հիշում եմ իր գործունեությունը եւս։ Եվ ոչ թե հեռացրել եմ իրեն աշխատանքից, այլ միջնորդել եմ երկրի նախագահին, որ հեռացնի, եւ ինքը լավ գիտի՝ ինչ պատճառով։ Հիշեցնում եմ՝ հինգ տարի նա համակարգել է կոռուպցիայի դեմ պայքարի վարչության աշխատանքը, իսկ այդ պայքարի արդյունավետության մասին, կարծում եմ, խոսելու անհրաժեշտություն չկա, հանրությունը ամեն ինչ հիշում է»,- ասաց Կոստանյանը։

Նա շեշտեց, որ նախկին տեղակալի գրառումներում ամենեւին էլ սկանդալային բացահայտում չկա: «Ես որեւէ բացահայտում Ձեր նշված անձի կողմից չեմ տեսել։ Բոլոր իր կողմից հիշատակված դեպքերը հանրությանը հայտնի են եւ արծարծվել են հինգ տարի առաջ եւ հինգ տարվա ընթացքում»,- ասաց Գեւորգ Կոստանյանը՝ հաստատելով, որ համակարգից տարբեր դրդապատճառներով հեռացել են շատերը, որոնց թվում եղել են արժանապատիվ եւ պրոֆեսիոնալ դեմքեր: Ըստ մեր զրուցակցի՝ արժանավորներից մեկն էլ Սասուն Խաչատրյանն է, որը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Հատուկ քննչական ծառայության ղեկավար։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է ազատել Սասուն Խաչատրյանին պաշտոնից, պատասխանեց. «Չեմ ուզում անդրադառնալ այդ ժամանակվա կադրային քաղաքականությանն առանձին-առանձին, բայց ես շատ դրական եմ վերաբերում Սասուն Խաչատրյանին եւ նրա նշանակմանը»: Նախկին գլխավոր դատախազը հայտարարեց՝ ինչպես Արմեն Դանիելյանի սկանդալային բացահայտումները, այնպես էլ դատախազության համակարգում կոռուպցիոն մեխանիզմների ստուգումները իրեն չեն մտահոգում։

«Ես մտահոգվելու բան չունեմ բացարձակ իմաստով եւ առնվազն պրոֆեսիոնալ եւ բարոյական տեսակետից հատկապես»։ Ինչ վերաբերում է տարիների լռությունից հետո Արմեն Դանիելյանի վերջին օրերի ակտիվ բացահայտումներին, ասաց. «Ես կարծում եմ՝ դա ընտրված տակտիկա է իր մասին հիշեցնելու համար, բայց ընդհանուր առմամբ կարող եմ գնահատել, որ արժանապատվությունը սուբյեկտիվ կատեգորոիա է, իսկ արժանավայել վարքագիծը հարգանքի արժանի»։ Նշենք, որ Արմեն Դանիելյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանի եղբոր որդին է։ Նա իր ֆեյսբուքյան էջում շարունակում է դատախազությունում տիրող իրավիճակի սկանդալային բացահայտումների շարքը տարիների հեռվից:

Տպել
Ամենաշատ