News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՊՆ վարչական համալիրում հունիսի 14-ին կայացել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, այն ղեկավարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

Նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն մարտից առ այսօր իրականացված հատուցումների և նվիրաբերությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ հաշվետու ժամանակահատվածում կատարվել է 11 դեպքերի հատուցում, որոնցից 9-ը զոհված, իսկ 2-ը՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ այս պահի դրությամբ հավաքագրված գումարն արդեն հատել է 9 մլրդ, իսկ կատարված ընդհանուր հատուցումները՝ 523 մլն դրամը:

Նիստի ընթացքում զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է նոր ծրագիր: Այն ենթադրում է, որ եթե զինծառայողը հայրենիքի պաշտպանության ժամանակ ստացել է հաշմանդամություն, ապա նախքան իրավական ընթացակարգով հաշմանդամության կարգը որոշելը և հատուցում տրամադրելը, հաշմանդամություն ձեռքբերած զինծառայողը յուրաքանչյուր ամիս կստանա 100.000 դրամ՝ որոշակի ծախսեր հոգալու համար: 

Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել են նաև 2018 թվականի աշխատանքների ժամանակացույցը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել «Հիմնադրամի դեսպաններ» նախագծի ընթացքին, ըստ որի՝ առաջարկվում է արտերկրի մեծաթիվ հայ համայնք ունեցող քաղաքներում ունենալ Հիմնադրամի աշխատանքներին ակտիվորեն ներգրավված անձինք, ովքեր կաշխատեն սփյուռքի կառույցների հետ՝ առավել մանրամասն ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ