News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 17
Տեսնել լրահոսը

Կուտակային կենսաթոշակային համակարգը շարունակելու քայլը 30 տարի հետո տարեցների շրջանում աղքատության խնդրի լուծման լավագույն ուղին է: «Արմենիա TV»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան:

Նրա խոսքով՝ ԱՄՀ-ն կարծում է, որ կենսաթոշակային բարեփոխումները շարունակելու՝ կառավարության որոշումն անհրաժեշտ քայլ է: «Սա հետագայում ավելի լավ սոցիալական պաշտպանության ապահովման ճանապարհն է: Չմոռանանք նաեւ, որ աշխատողների խնայողությունները կառավարելու են կենսաթոշակային ակտիվների՝ համաշխարհային մեծ ճանաչում ունեցող երկու կառավարիչներ, որոնք մեկ տասնյակից ավելի երկրներում աշխատող մեծ ընկերություններ են»,- ասել է Ուստյուգովան:

ԱՄՀ ներկայացուցիչն արդեն հանդիպել է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նորակազմ կառավարության մի քանի անդամների հետ. «Քննարկել ենք ամենատարբեր հարցեր, սակայն բոլոր հանդիպումների ժամանակ եղել է մեկ ընդհանուր թեմա՝ կոռուպցիայի խնդրի լուծման, թափանցիկության բարձրացման եւ ստվերային տնտեսության դեմ պայքարելու վճռականությունը: Սրանք շատ հզոր ուղերձներ են, որոնք որոշ ժամանակ անց օգուտ կբերեն»:

Յուլյա Ուստյուգովան կարեւորել է նաեւ քաղաքական վերջին իրադարձությունների ընթացքում ֆինանսական համակարգի կայունությունը պահպանելու՝ Հայաստանի իշխանությունների ունակությունը: «Կենտրոնական բանկը կարողացավ պահպանել իր միջազգային պահուստների մակարդակը: Ուստի, ընդհանուր առմամբ, Հայաստանի բանկային համակարգը հաղթահարեց ցնցումային ժամանակաշրջանը»,- հավելել է նա:

Տպել
Partner news