News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի ներկայացուցչի պարտականությունները կկատարի արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում տեղեկացրել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ սա ժամանակավոր նշանակում է:

Նախարարի տեղեկացմամբ՝ ներկայում օրինագիծ են մշակում, որով նախատեսվում է, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը նշանակվելու է վարչապետի կողմից՝ արդարադատության նախարարի առաջարկությամբ:

Հիշեցնենք, որ մինչ այս Եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնում էր նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանը: Վերջինի խոսքով՝ 2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձություններից հետո Հայաստանում փոխվել է կառավարությունը, ինչի արդյունքում բնականորեն փոխվել է կամ կարող է փոխվել կառավարության դիրքորոշումը Եվրոպական դատարանում այս պահին քննվող կամ քննվելիք գործերի մեծամասնության դեպքում:

«Այս պայմաններում աննպատակահարմար եմ համարում իմ պաշտոնավարման շարունակումը որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եվրոպական դատարանում: Գտնում եմ, որ նոր իշխանությունը պետք է հնարավորություն ունենա ազատորեն ներկայացնելու իր դիրքորոշումները Եվրոպական դատարանում քննվող գործերով և կաշկանդված չլինի նախկինում ներկայացված դիրքորոշումներով»,- ասել է Գեւորգ Կոստանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ