News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2016-ի դեկտեմբերին իր համակիրներին կոչ արեց պաշտպանել թուրքական լիրան՝ վաճառելով ունեցած դոլարները, եվրոն եւ ոսկին, տասնյակ մարդիկ արձագանքեցին նրա կոչին, հայտնում է The Economist-ը: 

Մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ երկրում մարդիկ ավելի քան 440 մլն դոլար փոխանակեցին լիրայի: Այսօր նրանք դրա համար զղջում են:

Նրանք, ովքեր հետեւեցին Էրդողանի խորհրդին, կորցրեցին իենց գումարի քառորդ մասը: Սակայն 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձից հետո լիրայի կործանումը, որը դոլարի նկատմամբ կորցրել էր իր արժեքի երրորդ մասը, ինֆլյացիան հասցրեց երկնիշ թվի եւ քչերին խնայեց:

Թուրքական ընկերությունները տնքում են մոտ 300 մլրդ դոլար  արտաքին պարտքի տակ, որը կազմում է ՀՆԱ-ի ավելի քան երրորդ մասը: Երկրի խոշորագույն կորպորատիվ վարկառուներից ոմանք փորձում են մոտ 20 մլրդ դոլար ընդհանուր գումարով վարկերը վերակազմավորել: Վկայակոչելով ներդրողների վստահության նվազումը՝ Moody's վարկանիշային գործակալությունը վերջերս նվազեցրել է թուրքական 17 բանկերի վարկանիշը:

Էրդողանն է կրում մեղքի մի մասը: Մայիսին Կենտրոնական բանկի վերահսկողության մասին նրա հայտարարությունից հետո լիրան անցել է ազատ անկման:

Թուրքիայի տնտեսության հետ կապված խնդիրը դուրս է բանկային տոկոսադրույքների շրջանակից: «Արմատական հարցերից մեկը տնտեսական համակարգի գործառնության եւ դրամավարկային քաղաքականության նկատմամբ վստահության կորուստն է»,- կարծում է «Բեթամ» վերլուծական կենտրոնի ղեկավար Սեհֆեթին Գուրսելը: 

Թուրքիայում իրավիճակը կարող է փրկել հունիսի 24-ին նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո կայունացումը: Արտասահմանյան ներդրողներն արդեն ահաբեկված են սահմանադրական փոփոխություններով, որոնք նախագահին ահռելի նոր իրավասություններով են օժտում, վերացնում են վարչապետի պաշտոնը, քաղաքականացնում են դատական համակարգը եւ սահմանափակում խորհրդարանական հսկողությունը:

Ինչպես միշտ, նախարարները ընտրություններից հետո բարեփոխումներ են խոստանում, Կենտրոնական բանկի անկախության վերականգնում եւ բյուջետային կարգապահություն: Սակայն, բացի վերջերս գրանցված աճի տեմպերից, Անկարայից եկող ադակները հուսադրող չեն: Նախագահը լիրայի անկման համար դարձյալ արտասահմանյան երկրներին է մեղադրում եւ թուրքերին կոչ անում ազատվել ամուր արժույթից: «Եղբայրներ, ում մոտ դոլար կա կամ բարձի տակ պահած եվրո, ձեր փողերը փոխանակեք լիրայով»,- ասել է նա վերջին հանրահավաքում:

Թղթի վրա տնտեսությունը ծաղկում է: Այս շաբաթ հրապարակված տվյալների համաձայն՝ առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 7,4 տոկոսով: Սակայն ընթացիկ հաշվարկներով դեֆիցիտը ապրիլին աճել է մինչեւ 5,4 մլրդ դոլարով (տարեկան կտրվածքով ՀՆԱ 6 տոկոսից ավելի), անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 3,7 մլրդ դոլարի համեմատությամբ: 2015 թվականից սկսած արտասահմանյան ուղղակի ներդրումներն անշեղորեն նվազում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ