News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հաջողությամբ ընթացքի մեջ են Երեւանում չինական դպրոցի կառուցման աշխատանքները, իսկ աշնանը շուրջ 200 շտապ օգնության նոր մեքենա կհատկացվի Հայաստանին: ՀՀ կառավարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ այսօր՝ հունիսի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն այս մասին ասել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ համագործակցության շարունակական զարգացումը եւ ընդգծել, որ Հայաստանի կառավարությունն այդ հարցում ունի մեծ սպասելիքներ ու ակնկալիքներ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել չինական կողմին Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական եւ տեխնիկական օժանդակության համար եւ հույս հայտնել, որ այն շարունակական կլինի:

Թիան Էրլունը իր հերթին նշել է, որ Չինաստանը պատրաստ է ջանքեր գործադրել՝ ընդլայնելու, խորացնելու եւ նոր մակարդակի բարձրացնելու երկկողմ փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ քաղաքական եւ տնտեսական: Դեսպանը հավելել է, որ եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները լավ հնարավորություններ են տալիս խթանելու տնտեսական փոխգործակցությունը եւ նշել, որ այդ նպատակով անհրաժեշտ է շարունակել ինտենսիվ աշխատանքները, այդ թվում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում:

Դեսպանը հավելել է, որ ընթացիկ տարվա ընթացքում արդեն իսկ երկու երկրների միջեւ արձանագրվել է առեւտրաշրջանառության ծավալների 41 տոկոսի աճ եւ հեռանկարային համարել կապերի զարգացումն արդյունաբերության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ