News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում գտնվող «Լուսակերտի թռչնաֆաբրիկա»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել գործարանի դիմաց՝ դժգոհելով շուրջ 60 աշխատակիցների  կրճատումից: Գործադուլ էին արել  գործարանի գրեթե բոլոր աշխատակիցները: NEWS,am-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ իրենց առանց ծանուցագիր ուղարկելու եւ հեռացման պատճառների մասին հայտնելու հեռացրել են աշխատանքից։

«Մենք բոլորով ենք գործադուլ անում՝ անկախ նրանից, թե ում են հեռացրել: Մենք չգիտենք, թե որն է պատճառը, բայց ամսի 8-ից ամեն օր մի քանիսին հեռացնում են: Մենք այստեղից չենք գնա մինչեւ մեր հարցերին լուծում չտրվի: Ես դեռ աշխատում եմ, բայց ես էլ եմ դուրս եկել բողոքելու, քանի որ հնարավոր է նույն բախտին ես արժանանամ ու բացի դրանից մենք ստիպված ենք լինելու աշխատել ծանրաբեռնված, ինչն օրենքի խախտում է»,-նշել են աշխատակիցները:

Գործադուլի դուրս եկած աշխատակիցներին հանդիպել եւ զրուցել է Կոտայքի նոր մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ով վերջիններիս վստահեցրել է, որ Կոտայքի մարզպետարանում հանդիպելու են գործարանի սեփականատիրոջ եւ գործարանից լիազորված երկու աշխատակիցների հետ՝ հասկանալու, թե ինչից է ծագել խնդիրը եւ ինչ լուծումներ կարող են գտնել՝ նվազագույնի հասցնելու կրճատվողների թիվը եւ օգնելու գործարանի բնականոն աշխատանքին:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ երկար բանակցություններից հետո կարողացել են եզրահանգման գալ: Աշխատողների ներկայացուցիչները երաշխավորել են, որ որեւէ սաբոտաժ, գործադուլ  թույլ չեն տալու, գործատուն էլ երաշխավորել է, որ անօրինական կրճատումներ չեն լինելու: Մարզպետի խոսքով, հարցը ծագել է հին ֆինանսական խնդիրների եւ  բիզնեսի առողջացման անհրաժեշտությունից ելնելով.

«Խնդիրը բավականին խորքային է, քան թվում է առաջին հայացքից: Այնտեղ սեփականատեր են փոխել, գործադիր տնօրինություն է փոխվել եւ երկու հարթության վրա խնդիր ունենք՝ նոր սեփականատերերի եւ տնօրինության  բիզնես ծրագրերի հարթության վրա է, որի մեջ չեն տեղավորվում հին աշխատելաոճը հին աշխատակիցներով:

Այսինքն՝ մարդիկ ուզում են հիմնովին փոխել իրենց  բիզնես պրոցեսները եւ այդ պրոցեսների մեջ շատ աշխատողներ մասնագիտական որակային  առումներով կարող են եւ չտեղավորվել՝ աշխատավարձերի առումով, քանի որ բիզնեսի առողջացման   պրոցեսը շատ դեպքում ավելի ցավոտ է լինում: Մի հարթությունը դա է: Մյուս հարթությունը նա է, որ հին աշխատողները, որոնք սովոր են հին մոտեցումներով, ձեւերով աշխատելու, չեն հարմարվում նոր իրողություններին եւ շատ դեպքերում  դա անձնավորվում է:

Հանդիպման ժամանակ նույնիսկ կարծիքներ եղան, որ չենք պատրաստվում նոր տնօրենի հետ աշխատել: Մենք երկու հարթության մեջ էլ գլոբալ առումով լուծումներ գտանք։ Եկանք հանգուցալուծման գոնե կարճաժամկետ պլանում եւ լուծման բանալին քաղաքացու գիտակցության՝ այսինքն բնակչի վերափոխումը քաղաքացու՝ իմ  հայտարարած կոնցեպտի շրջանակում էր, որը շատ ուրախալի է»,-նշեց մարզպետը:

Նա հավելեց, որ բնակիչների հիմնական մտահոգությունը կրճատումների, հարկադիր պարապուրդի հետ է կապված՝ ավելացնելով, որ հարկադիր պարապուրդի հայտարարությունը բանավոր է արված եւ քանի դեռ որեւէ մեկը  որեւէ փաստաթղթի տակ չի ստորագրել, դիմում չի գրել, փաստացի կրճատում, հարկադիր պարապուրդի հարց չի կարող լինել. «Գործատուն ընդունեց այդ փաստը, որ քանի որ բանավոր է հայտարարվել, ուստի աշխատակիցները իրավաբանորեն աշխատողներ են եւ պիտի վճարվեն, որը եւս մեծ ձեռքբերում էր: Երրորդ ձեռքբերումն այն էր, որ մեր աշխատակիցներին բացատրեցինք, որ մենք գործատուին չենք թիրախավորի եւ նրան պարտադրենք կանոններ, այլ ինքը պիտի իր ռազմավարությունից, իր զարգացման ծրագրից ելնելով իր քայլերը ձեռնարկի, բայց նաեւ  ինքը պիտի խստագույնս հետեւի մեր աշխատանքային օրենսգրքին, մեր օրենսդրությանը:

Մեր քաղաքացիներն էլ պատրաստակամություն հայտնեցին  գործադուլի դուրս եկած  աշխատակիցների հետ քննարկել, առաջարկությամբ, դիմումով հանդես գալ ու ընդառաջ գնալ տնօրինությանը: Այս պահին քննարկվում է 34-35 հոգու՝ հարկադիր  պարապուրդի գնալու հարցը նախնական հայտարարված  շուրջ 50 հոգու փոխարեն: Ես կոչ արեցի դիսկուրսի գնան, գուցե քննարկվի եւս 15-20 հոգու հարցը: Խոստացան, որ կիրականացնեն այդ դիսկուրսը եւ աշխատողների ներկայացուցիչները հանդես կգան նոր առաջարկով իրենց տնօրինությանը»։

Մարզպետը նաեւ նշեց, որ գործատուին մասնագիտական խորհրդատվություն կտրամադրվի իր բիզնեսի առողջացման ծրագրում, կքննարկվի  իր բիզնես ծրագրերը եւ ներդրումային ամբողջ ցիկլը:

Տպել
Ամենաշատ