News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Ընդդիմադիր ուժերը բողոքում էին, որ սուպերվարչապետական պետություն չստեղծվի, հիմա ինչ-որ բա՞ն է փոխվել, ու պարզվում է, որ սուպերվարչապետության ընթացքն ավելի սրընթաց է դառնում: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկելիս նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նրա խոսքով, փաստորեն այս օրենքով վարչապետի որոշմամբ ստեղծվում է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որը լիազորված մարմնին առաջարկություններ է ներկայացնում սույն օրենքով սահմանված լիազորված մարմնի գործառույթների իրականացման վերաբերյալ: 

Նա հարցով դիմեց օրինագիծը ներկայացնող Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին. «Դա ի՞նչ հարց է, որ վարչապետն անձամբ հանձնաժողով ձեւավորի, կանոնադրություն հաստատի։ Իմ կարծիքով վարչապետի՝ ավելի կարեւոր լիազորություններ կան: Հայաստանում համատարած աղքատության պայմաններում ուրիշ ավելի կարեւոր գործ չկա՞, քան բարեգործներին որոշակի շրջանակի մեջ դնելը:

Բարեգործությունը սահմանադրական իրավունքի դրսեւորում է, հիմա մարդկանց զսպաշապիկի մեջ դնելով չե՞ք կարծում, որ մարդկանց սահմանադրական իրավունքի խնդիր ենք առաջացնում: Մի բան եթե արգելվում է, պետությունը պետք է այլընտրանք ստեղծի: Հիմա եթե պետությունը բարեգործներին շրջանակի մեջ է դնում, որն է դրա այլընտրանքը լինելու»:

Ի պատասխան արդարադատության փոխնախարարն ասաց. ««Հակառակը՝ այս օրինագծով վարչապետի լիազորություններն ավելի են նվազում։ 2003-ին, երբ նա իրավասություն ունեցավ հանձնաժողովը ստեղծել, նա վերջնական որոշում կայացնող մարմինն էր, իսկ հիմա կառավարությունը կորոշի, թե որը լինի այն մարմինը, որը վերջնական  որոշում կկայացնի, իսկ վարչապետը կստեղի խորհրդակցական մարմին:

Մյուս կողմից այս օրենքը որեւէ շրջանակի մեջ չի դնում բարեգործություն անողին: Եթե բարեգործը ուզում է արտոնություն ստանալ, նոր մտնում է այս օրենքի դաշտ: Որեւէ սահմանափակում այս օրինագիծը չի ենթադրում»:

Գեւորգ Պետրոսյանն էլ արձագանքեց. «Պետք է օրենքի մակարդակով ամրագրվի, որ այս օրենքը քար անտարբերություն է դրսեւորելու բոլոր այն բարեգործների նկատմամբ, որոնք ի սկզբանե գրավոր չեն հայտնել օրենքով սահմանված արտոնություններից օգտվելու համար»:

Ի վերջո համաձայնություն կայացվեց, որ այդ առաջարկվող դրույթը, որը կա կառավարության որոշման մեջ, կամրագրվի նաեւ օրենքում:

Նշենք, որ «Բարեգործության մասին. օրենքի փոփոխությունների այս նախագծով սահմանվում է, որ բարեգործական որակման ենթակա չեն շահառություն ենթադրող, կուսակցություններին եւ առեւտրային կազմակերպություններին (բացառությամբ առողջապահության բնագավառի կազմակերպությունների) դրամական եւ այլ միջոցների հատկացում ներառող ծրագրերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը սպառնում էր, թե եթե այս նախագիծը ընդունվի, ապա ինքը կոչ կանի Գագիկ Ծառուկյանին դադարեցնել բարեգործությունը, իսկ դրա շահառուներին կուղղորդի կառավարություն։ Այս հայտարարությանն ի պատասխան՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել էր. «Որեւէ սպառնալիքից չենք վախենում։ Ես նորից եմ կրկնում՝ բարեգործությունը պետք է մնա բարեգործություն եւ չպետք է աղերսվի քաղաքական դիվիդենտներ շահելու հետ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ