News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն անդրադարձել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (հայտնի «Ճոյտ» մականունով) հիմնադրած ընկերության կողմից Մամիկոնյանց փողոցում իրականացվող շինարարությանը: Ավագանու անդամի պնդմամբ՝ կառուցապատումն ապօրինի է իրականացվում, շինարարական նորմերի կոպիտ խախտմամբ:

«Դեռեւս 2013 թվականի սեպտեմբերին Մամիկոնյանց փողոցի 42-44 եւ 40 հասցեի բնակիչները երկու բարձրահարկ շենքերի միջեւ կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական նորմերի խախտումների վերաբերյալ ահազանգել են Երեւանի քաղաքապետարան: Բազմաթիվ դիմում-բողոքներից հետո, Երեւանի գլխավոր ճարտարապետի զեկույցի հիման վրա, քաղաքապետին առաջարկվել է նախքան խնդրի կարգավորումը ժամանակավորապես դադարեցնել շինարարական աշխատանքները: Շինարարական աշխատանքները մեկ ամիս դադարել են, եւ վերսկսկվել են 2018 թվականի մայիսին»,- հայտնել է Անի Սամսոնյանը:

Ավագանու անդամը գրավոր դիմել է Երեւանի քաղաքապետին՝ խնդրելով տեղեկություն տրամադրել, թե ե՞րբ է կառուցապատող «Մաքս Նիկել Դիվելըփմենթ» ՍՊԸ-ին շինթույլտվության փաստաթուղթ տրվել:

«Պարզվեց, որ հողի նախկին սեփականատիրոջը քաղաքապետարանի կողմից «Ժայռ» ՍՊԸ-ին 2007 թվականին տրամադրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք, իսկ 2008 թվականին համաձայնեցվել է նախագիծ (նախագծող «Նորգալ» ՍՊԸ), որի համար հիմք է հանդիսացել իրավասու կազմակերպության կողմից փորձաքննության ենթարկված դրական երաշխավորմամբ եզրակացությունը եւ 2012 թվականին տրամադրվել է շինարարության թույլտվություն: Նույն թվականին հողամասի փոխված սեփականատիրոջը «Մաքս Նիկել Դիվելոփմընթ» ՍՊԸ-ին տրվել է նոր՝ փոփոխված ճարտարապետահատակագծային առաջադրանք, որից հետո 2013 թվականին վերահամաձայնեցվել է «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից մշակված նախագիծը: Շինարարական աշխատանքների՝ 6-րդ հարկի երկաթբետոնե կարկասի կառուցման փուլում շինարարական աշխատանքները դադարեցվել են եւ սկսվել 2018 թվականին: Քաղաքապետի կողմից ստացված գրության մեջ նաև նշվում է, որ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը լրացել է 2016 թվականին և համաձայն ՀՀ Կառավարության 19.03.2015 հ. 596-Ն որոշման հ.1 հավելվածի 130-րդ կետով սահմանված պահանջի՝ շինարարության թույլտվության ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ է վերահամաձայնեցման ներկայացնել նոր փորձաքննության ենթարկված նախագիծ, որը չի ներկայացվել»,- նշել է Սամսոնյանը:

Այդ ընթացքում Մամիկոնյանց 42-44 շենքերի բնակիչները փորձաքննություն են պատվիրել «Եվրոպական փորձագիտական ինստիտուտ» ՍՊԸ-ին: Արդյունքում հաստատվել է, որ կառուցապատողի կողմից շինարարական նորմերի կոպիտ խախտումներ են թույլ տրվել:

Անի Սամսոնյանի պնդմամբ՝ խնդիրը բարձրաձայնել է Երեւանի ավագանու մայիսի 30-ի նիստում եւ դիմել քաղաքապետին՝ խնդրին լուծում տալու նպատակով: «Ինձ պատասխանեցին, որ շինարարությունը դադարեցված է, այնինչ աշխատանքները կանգնեցվել են ընդամենը մեկ օր, որից հետո շարունակվել ավելի արագ տեմպերով։ Այս եւ բազմաթիվ օրինակներ փաստում են, որ Երեւանի քաղաքապետարանը ի զորու չէ վերահսկել քաղաքում իրականացվող ապօրինի շինարարությունները եւ կանգնեցնել ապօրինի կառուցապատողներին»- նշում է Սամսոնյանը:

Բնակիչներն էլ ավագանու «Ելք» խմբակցության անդամին հայտնել են, որ բնակիչների հետ հանդիպման ժամանակ Հակոբ Հակոբյանը կոպտել է կանանց, նույնիսկ փորձել հարվածել:

Տպել
Ամենաշատ