News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացումը։ Այս մասին, այսօր հունիսի 18-ին, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը ողջունել է ԵԽ պատգամավորների այցը Հայաստան եւ կարեւորել համագործակցության ակտիվացումն ու հետագա զարգացումը:

Նիկոլ Փաշինյանը ԵԽ պատգամավորներին է ներկայացրել մեր երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումների ընթացքը։ Այդ համատեքստում գործադիրի ղեկավարը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության մեջ մենաշնորհների դեմ պայքարի եւ այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումներն ու ծրագրերը:

Վարչապետն իր դիտարկումներն է ներկայացրել նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունների եւ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների հետ կապված՝ շեշտելով, որ դրանց նպատակն է լինելու ապահովել եւ երաշխավորել ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրությունների կազմակերպումը: «Մեր քայլերի նպատակն է երկրում իրականացել իրական փոփոխություններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ԵԽ պատգամավորները նշել են, որ ուշադրությամբ հետեւել են Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին, կարեւորել ու ողջունել դրանց խաղաղ եւ ոչ բռնի հանգուցալուծումը՝ ժողովրդավարական սկզբունքների ու Սահմանադրության շրջանակում: Նրանք ընդգծել են, որ Եվրոպական միությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել ՀՀ կառավարության բարեփոխումների իրականացման քայլերին ու նպաստել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է ԵԽ պատգամավորների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, քաղաքականության եւ բիզնեսի տարանջատմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին եւ այլ թեմաների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ