News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ԱԱԾ-ի սկանդալային բացահայտումների շարքը շարունակվում է, սակայն վերջինը, թերեւս, ամենաշոկայինն էր: Շաբաթ վաղ առավոտից ԱԱԾ-ականներն Էջմիածնում էին: Խուզարկություններից հետո ԵԿՄ տարածքային գրասենյակից նրանք բերման ենթարկեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին:

Նույն օրը բերման ենթարկվեց նաեւ գեներալի հակառակորդը համարվող քրեական հեղինակություն Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը: Նախապես լուրեր էին շրջանառվում, թե սա կապված է Էջմիածնում ստեղծված լարված իրավիճակի հետ: Ժամեր անց ԱԱԾ-ն հայտնեց, որ երկուսն էլ ձերբակալվել են եւ կասկածվում են մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ:

Հանգստյան օրերին գեներալի կողմնակիցները բողոքի ակցիաներ էին անցկացնում ԱԱԾ-ի եւ այն դատարանի շենքի դիմաց, որտեղ քննվելու էր Մանվել Գրիգորյանի ձերբակալման որոշումը բողոքարկելու հարցը: Մինչ վերջինի աջակիցները հայտարարում էին, որ հայտնաբերված զենք-զինամթերքը գեներալի հետ առնչություն չունի, եւ հայտնաբերվածը պատկանում է ամառանոցի տնօրենին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ոչ պակաս սկանդալային հայտարարություն արեց: Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն մեծ քանակությամբ զենքի հայտնաբերման հետ. նա կասկածվում է ապրիլյան  պատերազմի ժամանակ ուղարկված մեծ քանակությամբ օգնություն յուրացնելու մեջ: Փաշինյանի խոսքով՝ կասկածներ կան, որ յուրացվել են նաեւ բանակի համար ուղարկված տեխնիկական միջոցներ, մասնավորապես՝ ավտոմեքենաներ:

Կարճ ժամանակ անց ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանի ամառանոցում կատարված խուզարկության տեսանյութ հրապարակեց. զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, քառօրյա պատերազմի ժամանակ դպրոցականների կողմից զինծառայողներին ուղղված նամակներ, Ռուսաստանի հայերի կողմից բանակի համար ուղարկված ամենագնացներ, անգամ շտապօգնության մեքենա: Հայտնաբերված խտացրած կաթն ու մսի պահածոներն էլ, պարզվում է, գեներալի կենդանիների համար էին նախատեսված: Տեսանյութից պարզ է դառնում, որ բացահայտումն անգամ ԱԱԾ աշխատակիցներին էր ապշեցրել:

Գլխավոր դատախազության հաղորդմամբ էլ՝ խուզարկությունների ընթացքում նաեւ 71 մլն դրամ, 80 հազար դոլար, 67 հազար եվրո է հայտնաբերվել: Պարզվում է՝ Մանվել Գրիգորյանը մինչ բերման ենթարկելը փորձել է խուսափել պատասխանատվությունից. նա որդուն հանձնարարել է զանգահարել ոմն Ա.-ի եւ պահանջել, որ գա եւ ասի, որ հայտնաբերված զինամթերքն իրեն է պատկանում: Իսկ Մանվել Գրիգորյանի ամառանոցում կատարված խուզարկության կադրերը վրդովվեցրել եւ շոկ են առաջացրել հասարակության շրջանում: Երեկվանից սոցցանցերում բուռն քննարկումներ են, թե ինչպես կարող էր Արցախի հերոսի կոչում ունեցողը նման կերպ վարվել:

Կատարվածը նաեւ հանրապետականներին է զայրացրել: Կուսակցության անունից դատապարտող հայտարարությամբ հանդես գալուց բացի՝ առանձին հանրապետականներ իրենց վրդովմունքն արտահայտել են նաեւ խորհրդարանում լրագրողների հետ զրույցներում: Ազգային Ժողովում Մանվել Գրիգորյանի հետ աշխատողներին նույնպես տեղի ունեցածը զարմացրել է: Լրագրողների հետ զրույցում պատգամավորի օգնական Մեսրոպ Մանուկյանը նշել է, որ իր համար սա անակնկալ էր:

Իսկ նախկին իշխող խմբակցությունն այսօրվա խորհրդարանական ճեպազրույցներին այդպես էլ չներկայացավ: Մյուս խմբակցությունների ներկայացուցիչների հետ զրույցի միակ թեման գեներալի ձերբակալությունն էր: Ըստ «Ելք» խմբակցության պատգամավորների՝ Գրիգորյանը միայնակ չէր կարող գործել: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն էլ հայտարարել են, որ իրենց դիրքորոշումը կոշտ է լինելու. նման անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ամբողջ խստությամբ:

Նշենք, որ ըստ ընթացակարգի՝ Մանվել Գրիգորյանը կարող է կալանավորվել պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելուց հետո: Նրա ձերբակալման 72 ժամը լրանում է վաղը: Ի դեպ, ԱԱԾ-ի տեսանյութի հրապարակումից հետո Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանը հրաժարվել է պաշտպանել գեներալին: Իսկ Երկրապահ կամավորականների միությունում, որի վարչության նախագահն է Մանվել Գրիգորյանը, մտադիր են արտահերթ համագումար անցկացնել եւ նոր նախագահ ընտրել:

Հավելենք, որ Մանվել Գրիգորյանը նամակ է ուղղել Ազգային ժողովի նախագահին՝ նշելով, որ պատրաստվում է նախաքննության ընթացքում հակափաստարկներ ներկայացնել: Գրիգորյանը գործընկերներին կոչ է արել համաձայնություն տալ իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն՝ միաժամանակ վստահեցնելով, որ կվերականգնի իր անունը:

Ազգային Ժողովը վաղը հրավիրված արտահերթ նիստում կքննարկի Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը: Որոշումը կայացվել է այսօր հրավիրված կառավարության արտահերթ նիստում: Նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱԱԾ-ին բացահայտման համար՝ այն որակելով որպես Երրորդ Հանրապետության պատմության մեջ ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտումը: Վարչապետը հույս է հայտնել, որ գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունն ամբողջությամբ կբացահայտեն կոռուպցիոն այս սխեման: Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ շեշտել է. կոռուպցիան Հայաստանից պետք է արմատախիլ պետք է արվի: Առաջիկայում վարչապետն այս թեմայով խորհրդակցություն կհրավիրի:

Կառավարության նիստից հետո արդեն լրագրողների հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը հայտնել է, որ իրենք օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մանվել Գրիգորյանի եւ Դոն Պիպոյի մոտ ապօրինի զենք կա, ինչն էլ խուզարկությունների պատճառ է դարձել: Արթուր Վանեցյանը վստահեցրել է, որ իրենց կառույցը ռեպրեսիվ մարմին չէ, եւ այլ անձանց, բարձրաստիճան զինվորականների տներում ստուգումներ չեն լինի, քանի դեռ ստույգ փաստեր եւ տվյալներ չկան: ԱԱԾ պետն անդրադարձել է նաեւ մտահոգություններին, որ այս բացահատումներից հետո իր եւ Նիկոլ Փաշինյանի կյանքին, հնարավոր է, վտանգ սպառնա: Ճեպազրույցի ավարտին էլ Արթուր Վանեցյանը կատակով դիմել է բնապահպաններին:

Իսկ ինչպես է բանակին հատկացված ապրանքը հայտնվել Մանվել Գրիգորյանի ամառանոցում, լրագրողները փորձել են ճշտել պաշտպանության նախարարի մամուլի խոսնակից: Հիշեցնենք, որ ԵԿՄ նախագահի տանը «Զինվորի բաժին» մակնշմամբ ապրանքներ են հայտնաբերվել: Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է, որ պաշտպանության նախարարությունն ամեն տարի օրենքով սահմանված կարգով Մանվել Գրիգորյանի ղեկավարած կառույցին որոշակի քանակությամբ ապրանք է հատկացրել: Քառօրյա պատերազմի ժամանակ զինվորներին նվիրաբերած ապրանքների վերաբերյալ որեւէ մեկնաբանություն Հովհաննիսյանը չտվեց: Այնուամենայնիվ, հայտնաբերված զենք-զինամթերքը, ըստ նրա, չէր կարող օրինական լինել:

Վաղարշապատի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական է ներկայացրել. նա ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին է: Ֆեյսբուքյան գրառմամբ նա վստահեցրել է, որ պաշտոնից հրաժարվում է իր կամքով: Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ էջմիածինցիները նրա հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր ու երթեր էին անցկացնում: Ի պաշտպանության Գրիգորյանի՝ ցույցեր էին կազմակերպել նաեւ նրա աջակիցները:

Էջմիածինցիները նոր քաղաքապետ կընտրեն հոկտեմբերին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ Էջմիածնում արտահերթ ընտրությունները կարող են նշանակվել հոկտեմբերի 21-ին:

«Երեւան» հիմնադրամի տնօրենը չկալանավորվեց. դատարանը մերժեց Աշոտ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով կալանավորումն ընտրելու միջնորդությունը: Նշենք, որ Ղազարյանը 3 օր շարունակ հացադուլ եւ ջրադուլ էր հայտարարել: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն էին կատարել Երեւանի քաղաքապետարանի շենքում տեղակայված հիմնադրամի աշխատասենյակներում. հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: ԱԱԾ-ականները քաղաքապետարանից փաստաթղթերով լի մի քանի տոպրակ են տարել: ԱԱԾ տնօրենը խոստացել է, որ առաջիկայում այս գործին առնչվող տեսանյութ նույնպես կհրապարակվի:

Աուտիզմ ունեցող 14-ամյա Հայկ Հարությունյանին դեռ չի հաջողվում գտնել: Այսօր արդեն փաստի առիթով գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել, ընդ որում՝ սպանության հատկանիշներով: Դատախազի խորհրդարանը, սակայն, շեշտում է, որ սա ամենեւին չի նշանակում, որ սպանության վերաբերյալ տեղեկություն կամ փաստական տվյալներ կան: Պարզապես, երբ անձն անհետ կորած է համարվում եւ սահմանված ժամկետում նրա գտնվելու վայրը հայտնի չի դառնում, սպանության հատկանիշներով քրգործ է հարուցվում եւ քննություն է կատարվում: Այդ ընթացքում անձին գտնելու դեպքում գործը կարճվում է: Հիշեցնենք, որ երեխայի անհետանալու մասին հաղորդումը հարազատները ներկայացրել են հունիսի 8-ին: Իրավապահները, փրկարարներն ու կամավորները 10 օր է՝ չեն կարողանում գտնել Հայկին:

Հունիսի 18-ին դոլարն ու եվրոն աննշան էժանացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 559, ռուբլունը՝ 7 դրամ 62 լումա, ֆունտինը՝ 639 դրամ:

Հունիսի 19-23-ի գիշերը եւ երեկոյան ժամերին հանրապետության հյուսիսային շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր են տեղումներ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +17+19, ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ