News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայաստանի ԱԺ-ում այսօր՝ հունիսի 19-ին միանգամից երկու արտահեթ նիստ է նշանակված: Առավոտյան ժամը 11-ին մեկնարկած արտահերթ նիստի օրակարգում (նախաձեռնել է կառավարությունը) ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցն է: Նշենք, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու եւ կալանքի որոշում կայացնելու համար անհրաժեշտ է խորհրդարանի համաձայնությունը: Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդությամբ հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազը:

Ըստ սահմանված կարգի, Մանվել Գրիգորյանը եւս պետք է ներկայացվի ԱԺ դահլիճ, սակայն նախօրեին նա նամակ է գրել  ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին եւ խնդրել առանց իր ներկայության կողմ քվեարկել իրեն անձեռնմխելիությունից զրկելուն, որպեսզի կայանա արդար դատաքննություն ու ինքը կարողանա վերականգնել իր բարի անունը:

Այս հարցի քննարկումից հետո խորհրդարանում կմեկնարկի երկրորդ արտահեիթ նիստը, որի օրակարգում ընդգրված է 7 հարց: Մասնավորապես, նիստի օրակարգում են աղմուկ հանած երկու օրինագծեր. Խոսքը «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի մասին է:

Նշենք, որ «Բարեգործության մասին» օրենքի փոփոխություններին կտրուկ դեմ է արտահայտվել «Ծառուկյան» խմբակցությունը: Մասնավորապես, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը սպառնացել է, որ եթե այս նախագիծը ընդունվի, ապա ինքը կոչ կանի Գագիկ Ծառուկյանին դադարեցնել բարեգործությունը, իսկ դրա շահառուներին կուղղորդի կառավարություն։ Այս հայտարարությանն ի պատասխան՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր. «Որեւէ սպառնալիքից չենք վախենում։ Ես նորից եմ կրկնում՝ բարեգործությունը պետք է մնա բարեգործություն եւ չպետք է աղերսվի քաղաքական դիվիդենտներ շահելու հետ»։ Փոխարենը ՀՅԴ-ն դեմ չէ օրինագծին:

Նախագծով սահմանվում է, որ բարեգործական որակման ենթակա չեն շահառություն ենթադրող, կուսակցություններին եւ առեւտրային կազմակերպություններին (բացառությամբ առողջապահության բնագավառի կազմակերպությունների) դրամական եւ այլ միջոցների հատկացում ներառող ծրագրերը։ Բարեգործական կարող են ճանաչվել միայն այն ծրագրերը, որոնք իրականացվում են օտարերկրյա պետությունների, դրանց դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա եւ տեղական հասարակական, կրոնական կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից եւ նրանց ֆինանսական կամ այլ միջոցների հաշվին։

Ինչ վերաբերում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, այն նախատեսում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից: բացի այդ, եթե նախկինում նախատեսված էր, որ աշխատող քաղաքացին կուտակային հիմնադրամին փոխանցում է իր աշխատավարձի 5 տոկոսը, իսկ պետությունը փոխանցում է եւս 5 տոկոս, ապա նոր նախագծով նախատեսվում է, որ քաղաքացին կփոխանցի 2,5 տոկոս, իսկ պետությունը՝ 7,5 տոկոս:

Հիշեցնենք, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից Մանե Թանդիլյանը հրաժարվեց հենց այն պատճառով, որ ի սկզբանե դեմ է եղել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ