Այս պահին Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից միջանցքում ընթանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդության քվեարկությունը։ Քվեարկությունը մեկնարկել է ժամը 12.00-ին եւ կտեւի մինչեւ ժամը 3.00-ն: Ընտրությունը փակ գաղտնի է:
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու եւ նրան կալանավորելու համար ԱԺ համաձայնությունն ստանալու համար գլխավոր դատախազի միջնորդությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է հունիսի 16-ին՝ Ազգային անվտանգության ծառայության խուզարկություններից հետո ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու համար: Ազգային անվտանգության ծառայության երեկ տարածած տեսանյութի համաձայն, Հանրապետական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանն ու նրան պատկանող տարածքներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ռազմամթերք ու թանկարժեք մեքենաների հավաքածուներ, ինչպես նաեւ երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, բանակին որպես օգնություն ուղարկված շտապօգնության մեքենա, սնունդ, հագուստ ու այլ իրեր: