News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանի խորհրդարանում մեկնարկել է երկրորդ արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրված է 7 հարց: Մասնավորապես, նիստի օրակարգում են աղմուկ հանած երկու օրինագծեր. Խոսքը «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի մասին է:

Նշենք, որ «Բարեգործության մասին» օրենքի փոփոխություններին կտրուկ դեմ է արտահայտվել «Ծառուկյան» խմբակցությունը: Մասնավորապես, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը սպառնացել է, որ եթե այս նախագիծը ընդունվի, ապա ինքը կոչ կանի Գագիկ Ծառուկյանին դադարեցնել բարեգործությունը, իսկ դրա շահառուներին կուղղորդի կառավարություն։ Այս հայտարարությանն ի պատասխան՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր. «Որեւէ սպառնալիքից չենք վախենում։ Ես նորից եմ կրկնում՝ բարեգործությունը պետք է մնա բարեգործություն եւ չպետք է աղերսվի քաղաքական դիվիդենտներ շահելու հետ»։ Փոխարենը ՀՅԴ-ն դեմ չէ օրինագծին:

Նախագծով սահմանվում է, որ բարեգործական որակման ենթակա չեն շահառություն ենթադրող, կուսակցություններին եւ առեւտրային կազմակերպություններին (բացառությամբ առողջապահության բնագավառի կազմակերպությունների) դրամական եւ այլ միջոցների հատկացում ներառող ծրագրերը։ Բարեգործական կարող են ճանաչվել միայն այն ծրագրերը, որոնք իրականացվում են օտարերկրյա պետությունների, դրանց դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա եւ տեղական հասարակական, կրոնական կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից եւ նրանց ֆինանսական կամ այլ միջոցների հաշվին։

Ինչ վերաբերում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, այն նախատեսում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից: բացի այդ, եթե նախկինում նախատեսված էր, որ աշխատող քաղաքացին կուտակային հիմնադրամին փոխանցում է իր աշխատավարձի 5 տոկոսը, իսկ պետությունը փոխանցում է եւս 5 տոկոս, ապա նոր նախագծով նախատեսվում է, որ քաղաքացին կփոխանցի 2,5 տոկոս, իսկ պետությունը՝ 7,5 տոկոս:

Հիշեցնենք, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից Մանե Թանդիլյանը հրաժարվեց հենց այն պատճառով, որ ի սկզբանե դեմ է եղել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ