News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 14
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հունիսի 19-ին տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում հավատարմագրված դեսպանների կանանց եւ ՀՀ-ում հավատարմագրված կին դեսպանների հետ, հաղորդում է «Արմենպրես»–ը։ 

Աննա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու համար և նշեց, որ հանդիպման նպատակը ծանոթանալն է, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ներկայացնելը։ «Անչափ կարևոր է, որ այդ ամենի թիկունքում ամուր կանգնած է ժողովուրդը, ու հետագա գործունեության հենասյունը նույնպես լինելու է ժողովուրդը, և ոչ մի այլ գործոն»,- ասաց նա։

Վարչապետի տիկինն ավելացրեց, որ բաց է ցանկացած հարցի քննարկման, համատեղ նախագծերի իրականացման համար. «Մենք բոլորիդ համարում ենք ընկերներ և հուսով ենք, որ այս հանդիպումը սկիզբ կդնի արդյունավետ համագործակցության»։

Որպես համատեղ գործունեության հնարավոր ոլորտ՝ հյուրերից շատերը նշեցին Հայաստանում կանանց իրավունքների խթանումն ու առաջխաղացումը։ Դեսպանները և դիվանագետների կանայք կարևորեցին երկրի զարգացման հարցում կանանց լիարժեք մասնակցության դերը և ներկայացրեցին այս ասպարեզում իրենց երկրների փորձը։ Արձագանքելով՝ Աննա Հակոբյանը նշեց, որ իր պատկերացմամբ, կանանց ու երեխաների խնդիրները լինելու են իր հետագա գործունեության առանցքային թիրախներից։

Անդրադառնալով իր գործունեության ձևաչափին՝ Հակոբյանը նշեց, որ իր կողմից արդեն իսկ հիմնադրվել է «Իմ քայլը» հիմնադրամը, որի շնորհանդեսը տեղի կունենա մոտ ապագայում։ Հիմնադրամը, որի Հոգաբարձուների խորհրդում ընդգրկված կլինեն տարբեր ոլորտների ազդեցիկ ու հեղինակավոր անձինք, նախագծեր կիրականացնի ոչ միայն կանանց ու երեխաների հիմնախնդիրների, այլև մշակույթի, առողջապահության, կրթության և Հայաստանի համար մեծ կարևորություն ունեցող այլ ոլորտներում։

Դիվանագետները պատրաստակամություն հայտնեցին հետագայում շարունակելու երկկողմ և բազմակողմ հնարավոր համագործակցության վերաբերյալ քննարկումները՝ գտնելու ամենաարդյունավետ ուղիներն ու ձևաչափերը:

Տպել
Partner news