News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

«Դոլմամա» ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանը բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ապավինելով նրա աջակցությանը մասնավոր «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության դեմ պայքարում։

Նամակում մասնավորապես գրված է.

«Արդեն 25 տարի է, ինչ՝ տեղափոխվելով ՆյուՅորքից, բնակվում եմ Հայաստանում։ Հաստատվելով հայրենիքում՝ արել եմ ուժերիս ներածը և ներդրել ֆինանսական զգալի միջոցներ՝ ստեղծելով իմ բիզնեսը և իմ համեստ նպաստը բերելով Հայաստանի զարգացմանը։ Երկրում առկա է ու դեռ շարունակվում է մի ապօրինի գործընթաց, որը, վստահաբար, շատ է խոչնդոտելու գործարար համայնքին ձեռք բերել հարկավոր բիզնես մթնոլորտի բարելավման համար վստահություն։

Այնքան ժամանակ, որ Հայաստանում կգործի «հանրային գերակա շահ» հորջորջվող կողոպուտի տեսակը և սեփականության անձեռնամխելիությունը չի հաստատվի որպես գերակա իրավունք՝ ինձ շատ դժվար կլինի հորդորել կամ աջակցել օտարերկրյա կամ սփյուռքահայ ներդրողին, որ նրանք իրենց միջոցները ներդնեն Հայաստանում: Քանի որ չեմ ունենա դա անելու ո՛չ մարդկային, և ո՛չ էլ բարոյական իրավունք։

Վերջին՝ ավելի քան 10 տարիներին, պայքարում եմ «գերակա շահ» կոչված երևույթի դեմ։ Այս ընթացքում արդեն հասցրել եմ պարտվել ինձ պարտադրված ճակատամարտերից մեկում, երբ ինձնից բռնի խլվեց ու ավերվեց Արամի 30 հասցեում գտնվող իմ շենքը (հավանաբար կհիշեք մեծ աղմուկ հանած այդ դեպքը, երբ գիշերն ավազակաբար քանդեցին այն)։ Այդ տարածքը գործող բիզնես էր և ինձ ապահովում էր ստաբիլ եկամուտ: Զուգահեռաբար շարունակում եմ պայքարը մեկ այլ ճակատով՝ պահպանելու Պուշկին փողոցի պետականորեն պատմական և մշակույթային ժառանգություն հանդիսացող շենքերը, որոնց շարքում նաև իմ սեփականություն հանդիսացող «Դոլմամա» ռեստորանն է։

Այս վերջին ճակատամարտում ես որոշել եմ չպարտվել, քանի որ այն կլինի նաև պարտություն մեր քաղաքի ժառանգության պահպանման պայքարի համար։ Արդեն քանի տարի է դատական ատյաններում պայքարում եմ ինչ որ մասնավոր «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության դեմ, որին, չգիտես ինչու, տրված է քաղաքի կենտրոնի լավագույն տարածքների նկատմամբ «գերակա շահի» իրագործման իրավունք:

Հարգելի՛ պարոն Փաշինյան,

այն խոստումները, որ դուք տվել եք Հայաստանի պոտենցիալ ներդրողներին, հատկապես այն, որ ոչ ոք նրանցից չի գողանա, փայ չի մտնի կամ ուրիշ այլ ոտնձգություններ չի կատարի, հուսով եմ վերաբերում են նաև Հայաստանում արդեն իսկ արված ներդրումներին ու ներդրողներին և նպատակ ունեն, հատկապես, ընդգծելու ևս մեկ անգամ սեփականության իրավունքի անձեռնամխելիությունը։ Պետության համար այդքան անհրաժեշտ ներդրումային ծրագրերի բարենպաստ հարթակ ստեղծելու համար, կարծում եմ պիտի նախաձեռնվի այս օրենքի քննարկումների շարք ոլորտի անմիջական շահառուների հետ։ Լինելով օտարերկրյա ներդրող՝ պատրաստ եմ իմ տարիների փորձը, գիտելիքներն ու կապերը նվիրաբերել այդ կարևորագույն գործին»։

Տպել
Ամենաշատ
Partner news