News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը


Ադրբեջանից հազարավոր հայ փախստականներ ստիպված են եղել լքել իրենց տները, հաճախ՝ առանց իրերի եւ փողի, եւ ապաստան խնդրել հայրենիքում: Մի մասին հաջողվել է բնակություն հաստատել Հայաստանում, մյուսները ստիպված էին ավելի լավ բաժին փնտրել այլ երկրներում: Սակայն ոմանք, հավանաբար՝ առավել խոցելիները, շարունակում են ապրել հանրակացարաններում: Երեւանում այդպիսի մի քանի հանրակացարան կա: NEWS.am-ի թղթակիցներն այցելել են դրանցից մեկը եւ խոսել բնակիչների հետ (ֆոտոռեպորտաժ):

Հանրակացարանները, որոնցում արդեն երկար տարիներ է ապրում են Ադրբեջանից գաղթած տանիք չունեցող փախստականները ու հայաստանցի ընտանիքները, գտնվում են Երեւանի ամեափոշոտ, կեղտոտ եւ էկոլոգիապես անբարենպաստ թաղամասերում: Սա Երեւանի Շենգավիթ վարչական շրջանն է: Հանրակացարանների շենքերը գտնվում են բարձր վտանգավորության աստիճանի մի շարք ձեռնարկությունների՝ ՀԷԿ-ի, «Նաիրիտ» գործարանի, «Մաքուր երկաթ» գործարանի, Անվադողերի գործարանի, միջև: Դրանց մեծ մասն այժմ չի գործում:

Կարճ որոնումներից հետո վարորդը տաքսին կանգնեցրեց չորս հարկանի շենքի դիմաց: Դեպի շենքի մուտք տանում է մի քանի կոտրված աստիճան, մուտքի դռներ չկան: Պատերին թողնված գրությունները հայտնում են, որ տանն ապրում են կամ երբեմն ապրել են Լիանան եւ Աշոտը: Փոքրիկ պարտեզի թոշնած ծաղիկները վկայում են պատկերը ինչ-որ կերպ գեղեցկացնելու փորձերի մասին:

Տիկին Կարինեն իր ամուսնու եւ երկու փոքր երեխաների հետ Բաքվից եկել է 1988 թվականին: «Երբ սկսվեցին հայերի ջարդերը, մենք ամեն ինչ թողեցինք եւ եկանք: Այստեղ ինչ-որ բան գնելու հնարավություն չկար, սկզբում անգամ ափսեներն էին մեզ հարեւանները տալիս: Մենք վախենում էին կոտրել դրանք. չգիտեինք, թե ինչպես ենք վերադարձնելու»,- պատմում է տիկին Կարինեն: Բաքվից փախչել ընտանիքին օգնել են ծանոթ ադրբեջանցիները, նշեց Կարինեն: Երեւանում նա որպես սոցիալական աշխատող աշխատանքի էր անցել «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունում: Շենքը, որում բնակություն են հաստատել փախստականները, բազմիցս այցելել են տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, սակայն մինչ օրս իրավիճակը չի բարելավվել: «Մարդիկ կասկածում են, որ միջազգային կազմակերպություններից իսկապես ոչ ոք չի օգնել. հավանաբար, փախստականներին այդ օգնությունը չի հասել»,- պատմում է տիկին Կարինեն:

Շենքին մի քանի տարի առաջ չորրորդ աստիճանի վթարային կարգավիճակ է տրվել: Բնակիչներին սկսել են նոր բնակարաններ տրամադրել: Գաղափարը լավն է, սակայն պարզվել է, որ տրվող բնակարանները շատ ավելի փոքր են, քան կարող են տեղավորվել ընտանիքները: 20 ընտանիք դեմ է հանդես եկել առաջարկվող տարբերակներին: «Ընդհանուր առմամբ, այսպիսի 5 շենք կար: Երկուսի բնակիչներին տարաբնակեցրել են նոր բնակարններ եւ քանդեցին: Շենքերի այն բնակիչները, որոնց առաջինն էին սկսել բնակարաններ տրամադրել, ստացան ամենալավ բնակարանները: Իսկ մեզ չես հասկանա, թե ինչ են ուզում տալ, միայն թե ազատվեն»,- նշում է Կարինեն:

Շենքում 70 ընտանիք կա, որից 17-ը փախստականներ են Ադրբեջանից: Նախկինում շենքը գտնվում էր Անվադողերի գործարանի հաշվեկշռում, այժմ այն Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ է: Կառուցվել է 50-ականների վերջին եւ մինչ այժմ չի վերանորոգվել: Շենքի անկյունը ամրացված է երկաթե կեռներով, որպեսզի չփլուզվի: Սակայն փախստականներին փոքր բնակարաններ առաջարկելու փորձը չարիքներից փոքրագույնն է: մի շարք այլ դեպքերում խոսքն ուրիշի դժբախտության վրա հարստնալու անբարոյական փորձի մասին է:

Մարինան նույնպես Բաքվից եկել է 1988 թվականին: Աշխատել է Անվադողերի գործարանում, որից էլ սենյակ է ստացել հանրակացարանում: Մարինայի սենյակն իր բացակայության ընթացքում մասնավորեցվել էր անծանոթ մարդկանց կողմից, մինչ կինը մեկնել էր Ռուսաստանում գտնվող որդու մոտ: «Դժվար է պատկերացնել. կադաստրում պարզվել էր, որ ոմն Հայկ Ասատրյանը մասնավորեցրել է սենյակը եւ վերավաճառել Մուրադ Խլղաթյանին»,- պատմում  է կինը: Արդյո՞ք նա որեւէ «գործնական» հարաբերությունների մեջ է Ասատրյանի հետ կամ, ինչպես եւ ինքը, խարդախության զոհ է դարձել, Մարինային հայտնի չէ: Հայտնի է միայն, որ Խլղաթյանը երբեք չի հայտնվել հանրակացարանում: Միակ բանը, որ Մարինային հաջողվել էր պարզել այս մութ պատմության մասին, այն էր, որ պարոն Ասատրյանը աշխատում է քաղաքապետարանում: «Արդեն երկար ժամանակ է մենք դատարաններ ենք գնում»,- դժգոհում է Մարինան:

Տարօրինակն այն է, որ կոմունալ վճարների մի մասը (էլեկտրաէներգիայի համար) կնոջից ընդունում են, մյուս մասը (աղբահանության համար)՝ ոչ: «Որն է պատճառը՝ ես չգիտեմ», - խոստովանում է Մարինան:  Անհասկանալին այն է, որ քանի որ շենքը նախատեսվում է տարաբնակեցնել, դրա բնակիչները բնակարաններ կստանան, եւ փախստական Մարինայի փոխարեն տարածքի համար կհավակնի ոմն ​Մուրադ Խլղաթյանը:  Գործը բարդացնում է այն հանգամանքը, որ Մարինան հայերեն գրել չգիտի:

Այս կերպ վարվել են նաեւ մի շարք այլ ընտանիքների հետ, որոնց մի մասը փախստականներ են Ադրբեջանից: Դատավարությունները շարունակվում են երեք տարի: Հետաքրքիր է, բոլոր ատյանների դատարանները միաձայն մերժել են տուժածների պահանջները: Այժմ պետությունը գործը իր ձեռքն է վերցրել, եւ փախստականները հույս ունեն, որ արդարությունը վերջապես կհաղթի:

Մարինան չի աշխատում, կենսաթոշակային տարիքը դեռ չի հասել, ուստի ստացվում է, որ կինը, սովից չմեռնելու համար, ստիպված է ժամանակավոր աշխատանքով գոյատեւել, չհաշված՝ բնակարանի հետ խնդիրները: «Նախկինում գոնե միջազգային կազմակերպություններն էին օգնում: Իսկ հիմա որևէ տեղից օգնություն չկա: Որդիս օգնել չի կարող: Նա եւս վարձակալում է բնակարանը: Մտածում էի, եթե ես այստեղ ապրելու տեղ ունենամ, որդիս կվերադառնա Հայաստան»,- Մարինայի աչքերը արցունքով լցվեցին:

Լյուդմիլան եւս Բաքվից է: Կինն իր սեփական միջոներով իր սենյակներից մեկը խոհանոց է դարձրել, վերանորոգել է (հնարավորինի չափով) լոգարանը: Նա երրորդ կարգի  հաշմանդամ է եւ առողջական վիճակի պատճառով չի կարող օգտվել ընդհանուր «պայմաններից»: «Մի գեղեցիկ օր իմանում եմ, որ մեր պարետը (նախկին) վաճառել է այդ սենյակները, խոհանոցը՝ մեկին, լոգարանը՝ մյուսներին»,- ասում է Լյուդմիլան: Գնորդներին, ինչպես դժվար չէ գուշակել, հանրակացարանում ընդհանրապես չեն տեսել: Ի տարբերություն նույն իրավիճակում հայտնված այլ փախստականների՝ Լյուդմիլան նախընտրել է դատարան չդիմել: «Ո՛չ ուժ, ո՛չ փող չկա»,- ասում է Լյուդմիլան: Լյուդմիլան փաստացիորեն կարող է օգտվել լոգարանից եւ խոհանոցից, սակայն տարաբնակցման դեպքում բնակարանը կստանա այն մարդը, ով փախստականների ողբերգության հետ ոչ մի կապ չունի: «Իմ որդին 36 տարեկան է: Ինչ-որ կերպ փող աշխատելու համար նա մեկնել է Ռուսաստան: Ամուսնացնել նրան չեմ կարող. երիտասարդ ընտանիք չի կարող այսպիս խցում ապրել»,- դժգոհում է Լյուդմիլան: «Բացարձակ ամենաթողություն: Ով ինչ ուզում, անում է: Եվ ինչու՞ պետք է իմ որդու փոխարեն ինչ-որ մեկը բնակարան ստանա»:

Կարծես որպես մխիթարանք՝ Լյուդմիլայի սենյակի դռան մոտ ծիծեռնակները բույն են հյուսել եւ ձագուկներ են ունենում: Իհարկե, մոտենալ բույնին տեսախցիկի ներկայությամբ երկչոտ ծիծեռնակները չհամարձակվեցին:

Փոքրիկ էքսկուրսիան շենքում էլ ավելի խորացրեց նախնական տհաճ տպավորությունը. մռայլ, նեղ, տխուր միջանցքներ, կիսաքանդ պատեր, դրանցից դուրս կախված խողովակներ, էլեկտրական լուսավորության բացակայություն, ճաշի հոտ: Զուգարանն այստեղ ընդհանուր է (բացառությամբ այն ընտանիքներինը, որոնք իրենց սեփական հաշվին են զուգարաններ տեղադրել): Անկյունում քարե պատերով մեծ սենյակն է ասիական զուգարանով: Ապակիների կեսը բացակայում է, իսկ մնացածը ծածկված է սեւ կանացի վերնաշապիկով:

Ջուրը վերցնում են հենց այստեղ տեղադրված լվացարանակոնքից: Լավ լուր. զուգարանի ջրի համար  բնակիչները չեն վճարում: Զուգարանում լողանալ հնարավոր չէ՝ հատականցքի բացակայության պատճառով, այնպես որ լողանալ ստիպված են բաղնիքում: Թվում է, որ եթե միջազգային կազմակերպությունների կողմից քրեակատարողական հիմնարկում նման զուգարաններ հայտնաբերվեն, ապա Հայաստանի նկատմամբ անմիջապես պատժամիջոցներ կկիրառվեն՝ անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի համար: Բայց չէ՞ որ փախստականները բանտարկյալներ չեն: Սանդուղքների ճաղաշարքը մասամբ բացակայում է: Դրա տակ աղբանոց է, որն ինչ-որ սարսափելի հիվանդության համաճարակի մասին միտք է առաջացնում: Շենքի հետևի հատվածն այնպիսի տեսք ունի, որ բառացիորեն զրկում է խոսալու ունակությունից: Մոտավորապես երկրորդ հարկի մակարդակում գտնվող կոտրված խողովակներից արդեն մի քանի տարի է գիշեր ու ցերեկ, ամառ, թե ձմեռ ջուր է հոսում: Ջուրը փլուզել է պատի մի մասը եւ շարունակում է թուլացնել շենքի հիմքը:

Մարդիկ այսպիսի պայմաններում ապրել են 30 տարի. մեծացրել են իրենց երեխաներին, ամուսնացրել են, եւ բոլորը սպասում էին պետության օգնությանը: Նրանք դեռ արդարության հույս ունեն: Եւ պետության պարտքն է, թեեւ ուշացած, սակայն արդարացնել այդ հույսերը:

 

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news