News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում, այսօր՝ հունիսի 21-ին, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի երկրորդ ընթերցման քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նախօրեին իր եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին:

Նա, մասնավորապես, ասաց. «Երբ կուտակայինի նախագիծն էր քննարկվում, պարոն Հակոբյանն իմ անունը տվեց եւ ասաց, որ տեսեք, հանձնաժողովում ձեռնպահ եք քվեարկում, իսկ այստեղ՝ կողմ, իմացեք՝ ինչ եք անում: Ես ասում եմ՝ պարոն Հակոբյան, մենք հանձնաժողովում մարդ չունենք, ինչպե՞ս կարող ենք քվեարկել, ինքը շարունակում է: Հիմա մարդիկ իմացան՝ հանձնաժողովում ձեռնպահ ենք քվեարկել, այստեղ՝ կողմ, բայց նման բան չի եղել: Հորդորում եմ ապատեղեկատվություն չտարածի եւ գոնե հերքի, ոչ թե սկզբունքային պնդի ու հայտարարի՝ ինձ մի խանգարեք»:

Իր հերթին Հակոբ Հակոբյանը հայտարարեց, որ այո´, ինքը Մարուքյանի անունն է տվել, բայց նրան նկատի չի ունեցել, այլ կառավարության մաս կազմող ուժերին, որոնք ձեռնպահ քվեարկեցին կառավարության ներկայացրած օրինագծին. «Այո´, Ձեր անունը տալով՝ Ձեզ նկատի չեմ ունեցել եւ այո´, հանձնաժողովում չունեք անդամ, որը քվեարկի, ինչպե՞ս կարող եմ Ձեզ նկատի ունենալ, իմ ասածը վերաբերում էր կառավարություն կազմող ուժերին, որոնք ձեռնպահ են քվեարկել»:

Հակոբ Հակոբյանը նաեւ հիշեցրեց իր հայտարարություններից մեկը, որը, ըստ նրա, մամուլը խեղաթյուրել էր, ասելով, թե ինքը ժամանակին ասել է՝ «միս չկա՝ կարտոշկա կերեք»:

«Հարգելի ժողովուրդ, ես նման բան չեմ արել, արած էլ լինեի՝ ներողություն կխնդրեի: Չեմ ասել նման բան, ինչո՞ւ պետք է  արդարանամ, բայց արի ու տես ամբողջ հանրությունը դրա մասին է խոսում»:

 

Տպել
Ամենաշատ