News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր Դուք հրապարակայնորեն մեղադրում եք անձին, առանց օրինական ուժ ստացած դատական ակտի, որի իրավունքը չունեք: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը:

Բաց նամակը ներկայացնում ենք ստորեւ.

«Մեծարգո Վարչապետ.

Դուք այսօր վայելում եք ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլ նաեւ համայն հայության բացարձակ աջակցությունը: Այսօր բազմաթիվ դեմոկրատական երկրների առաջնորդներ կերազեին, իրավամբ, վայելելու ժողովրդի այնպիսի աջակցություն, ինչպիսին որ Ձերն է:

Ցանկանում եմ հավատալ, որ Դուք ցանկանում եք կառուցել այն Հայաստանը, որն իմ պատկերացումներով պետք է լինի Արեւային Հայաստանը, որը լինելու է նորագույն աշխարհի օրինակելի մոդելը:

Վայելելով ժողովրդի բացարձակ մեծամասնության սերն ու հարգանքը, Ձեր հրապարակային ցանկացած հայտարարություն շատերի մոտ ընդունվում է որպես 100 տոկոսանոց ճշմարտություն:

Այսօր Ձեր խոսքի ուժն այնքան հզոր է, որ կարող եք հերոսին ներկայացնել որպես ազգի տականք, իսկ տականքին` ազգի հերոս:

Օրեր առաջ Ձեր ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարեցիք հետեւյալը, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը միայն կապված չէ զենք-զինամթերքի հետ, Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի եւ ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի ժամանակ սնունդ յուրացնելու, գողություն անելու մեջ…

Այնուհետեւ խորացնելով Ձեր միտքը, մատ եք թափ տալիս դատարանների վրա, ասելով, որ անկախ եք, բայց նայեք, հանկարծ չսխալվեք, ստուգելու ենք եւ այլն…

Ի՞նչ եք կարծում, ըստ իս, Ձեր կանխակալ կարծիքը լսելուց հետո հին մեթոդներով աշխատող եւ իներցիայով շարժվող պետական լիազոր մարմիններն ու դատարաններն ի՞նչ պետք է անեին:

Օրենքի կոպտագույն խախտումներով (անգամ կամակատար դատարանն իր որոշումներից մեկում մոռացել էր ամսաթիվ դնել) ձերբակալում են բազմաթիվ հիվանդություններ ունեցող անձին եւ կալանավորում են: Ձեր հայտարարությունից հետո հասարակության մի լայն զանգված ատելությամբ է լցվում դեպի Մանվել Գրիգորյանն ու նրա ընտանիքը, համացանցը լցվում է նրա եւ նրա մերձավորների ընտանիքների նկատմամբ հաշվեհարդարի կոչերով, սպառնալիքներով, ընդհուպ հաշվեհարդարի կոչերով նրա կողքը կանգնող իրավապաշտպանների նկատմամբ:

Ավելին, Ձեր հայտարարությամբ Դուք խոսում եք գողության, յուրացման մասին, երբ քրեական գործում այդ ժամանակ եղել է միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկած:

Ժամանակին երկրորդ նախագահը հոկտեմբերի 27-ի գործով հրապարակային հայտարարեց, որ դա «ուչաստկովիի» գործ է եւ ըստ էության ուղղորդեց նախաքննությանը, որի իրավունքը չուներ:

Այսօր Դուք հրապարակայնորեն մեղադրում եք անձին, առանց օրինական ուժ ստացած դատական ակտի, որի իրավունքը չունեք:

Եթե անձը մեղադրվում է առերեւույթ ծանր հանցագործություն կատարելու մեջ, եւ դա երկրի առաջին դեմքի կողմից հրապարակայնորեն հայտարարվում է, որից հետո պետական լիազոր մարմինները լծվում են Ձեր ասածը սրբագրելու, ապա փաստում եմ, որ Հայաստանում նմանօրինակ հնչեղ գործերով չի կարող լինել արդարադատություն, ստեղծեք նախորդ դարի 30-ական թվականների «տրոյկաները», իսկ մեղադրվող անձին հրապարակայնորեն կախեք, վառեք, քառատեք:

Մեծարգո պարոն Վարչապետ.

Անկախ անձի կատարած հանցանքի տեսակից ու չափից, երբ նա ունի կալանքի հետ կապված անհամատեղելի հիվանդություններ, պետության կողմից նրան կալանավորելը դիտվում է ծանր հանցագործություն եւ համարվում է խոշտանգում այդ անձի նկատմամբ: Դիմելով Ձեզ ակնկալում եմ.

Հրապարակային հանդես գալ եւ կոչ անել ժողովրդին դադարեցնել տարբեր բնույթի ու տեսակի հաշվեհարդարների կոչերը Մանվել Գրիգորյանի եւ նրա ընտանիքի ու մերձավորների նկատմամբ:

Հրապարակայնորեն դիմել իրավապահ մարմիններին` կատարելու օբյեկտիվ քննություն, եւ եթե կապացուցվի անձի կամ անձանց մեղքը այդ զազրելի հանցագործության մեջ, պատժել օրենքի ողջ խստությամբ:

Հանձնարարել, որպեսզի տան բժշկական օբյեկտիվ եզրակացություն Մանվել Գրիգորյանի կալանքի օրինաչափությանը, կապված իր հիվանդությունների հետ:

Հաշվի առնելով, որ Մանվել Գրիգորյանին հրապարակայնորեն մեղադրել եք մի բանում, որը պետք է ապացուցվի միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, որը Ձեր հայտարարության պահին բացակայել է, որով վիրավորել եւ զրպարտել եք Մանվել Գրիգորյանի պատիվն ու արժանապատվությունը, հրապարակային ներողություն խնդրել Մանվել Գրիգորյանից:

Հրապարակային հայտարարել, որ Մանվել Գրիգորյանի պաշտպաններին չահաբեկեն, չվիրավորեն, չնույնականացնեն իրենց պաշտպանյալի հետ: Հայտարարել, որ արդարադատության, իրավունքի կայացման գործում հեգեմոն դեր ունի իրավապաշտպանը:

Մեծարգո պարոն Վարչապետ.

Տարիներ առաջ իրավապաշտպան ոլորտում, երբ իրավական հարթության վրա պայքարում էի անարդար ընտրությունների, Ա1+-ի եթերազրկման, հանիրավի մեղադրվող քաղաքական գործիչների կողքին, շատ քիչ լրատվամիջոցներ էին համարձակվում լուսաբանել իմ դատական պրոցեսները, որոնց թվում էր նաեւ Ձեր կողմից ղեկավարվող լրատվամիջոցը, որոնք համարձակություն էին ունենում գրելու եւ օբյեկտիվ լուսաբանելու:

Այսօր շատ բան է փոխվել Հայաստանում: Այս փոփոխությունը մենք ձեռք ենք բերել տարիների մեր քրտնաջան աշխատանքով` հաճախ լինելով չհասկացված, արհամարհված փոքրամասնություն: Իրավամբ, Դուք եք կրողը Նոր Հայաստանի` Ձեր ետեւում ունենալով զտարյուն հայորդիների մի զանգված, որ օր-օրի ավելանալու է, եթե գիտակցի, որ իրավունքը գիտություն է բարու եւ արդարի մասին, եթե գիտակցի, որ ընկածին չեն խփում, եթե գիտակցի, որ վաղուց հաշվեհարդարների ժամանակն անցել է, իսկ մեղավորներին օրենքով սահմանված կարգով միայն պետք է պատժվեն եւ որ այս ամենի երաշխավորը Դուք եք:

Հարգանքով`

Լեւոն Բաղդասարյան»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ