News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարություն իրավունքի միջոցով (Վենետիկի) հանձնաժողովի հրավերով աշխատանքային այցով Վենետիկում է գտնվում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր նախարար Զեյնալյանը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին: Հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել կառավարության հետ Վենետիկի հանձնաժողովի արդյունավետ համագործակցության համար: Կողմերն արձանագրել են, որ համագործակցությունը խորացնելու երկուստեք կամք եւ ներուժ կա:

Նախարար Զեյնալյանը վերահաստատել է Կառավարության պատրաստակամությունը էլ արդյունավետ համագործակցել Հանձնաժողովի հետ:

Վենետիկի հանձնաժողովի նախագահը նշել է, որ մեծ ոգեւորությամբ են ընդունել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների խաղաղ բնույթը: 

Այնուհետ, նախարար Զեյնալյանը ելույթ է ունեցել Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նստաշրջանի ընթացքում: Իր ելույթում նա նշել է, որ Հայաստանի Կառավարության առաջնային առաքելությունն է ժողովրդի՝ իշխանությունը ձեւավորելու իր անքակտելի սահմանադրական իրավունքը կյանքի կոչել՝ ապահովելով դրա համար անհրաժեշտ իրավական մեխանիզմները եւ դրան նպաստող հնարավոր բոլոր այլ պայմանները:

Նախարարը հավելել է, որ իր այս առաքելության իրականացման նպատակով Կառավարությունը մտադիր է նախաձեռնել ընտրական օրենսդրության բարեփոխումներ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները Սահմանադրության պահանջներին համապատասխան  իրականացնելու նպատակով: Կառավարության ծրագիրը հաստատվել է՝ մեկ տարվա ընթացքում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության ամրագրմամբ:

 Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի եւ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ելույթներից հետո ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն նշել է, որ կարեւոր է՝ ընտրությունները կազմակերպվեն Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներին համապատասխան` թափանցիկ եւ ներառական ձեւով, քննարկելով շահագրգիռ կողմերի բոլոր առաջարկությունները՝ կոնսենսուսի հասնելու համար եւ որպեսզի կուսակցությունները Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո ունենան բավարար ժամանակ ընտրություններին մասնակցելու համար:

Հանձնաժողովի պլենար նիստի Հայաստանին վերաբերվող հատվածը նախարար Զեյնալյանն ամփոփել է՝ նշելով, որ ընտրական օրենսդրության փոփոխությունների փաթեթի մշակման ընթացքում հաշվի են առնվելու շահագրգիռ քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից բարձրացվող մտահոգությունները, դրանք մանրամասն քննարկվելու եւ հասցեագրվելու են օրենսդրական փոփոխությունների նախագծի մշակման ընթացքում, իսկ իր Կառավարությունը երաշխավորելու է այդ աշխատանքների հնարավորինս ներառականությունը եւ թափանցիկությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news