News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը


ԱԺ նախկին պատգամավոր, Հանրապետական Առաքել Մովսիսյանը՝ հայտնի Շմայս մականունով, Ազգային անվտանգության ծառայությունում մի քանի ժամ հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել: Նշենք, որ Մովսիսյանն ԱԱԾ էր տեղափոխվել երեկ, Այգեկ գյուղում գտնվող նրա տանը շուրջ երկու ժամ տեւած խուզարկությունից հետո: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախկին պատգամավորն ասել է՝ ԱԱԾ-ականներն անօրինական ոչինչ չեն արել:

Իրավապահները նրա տանը զենք-զինամթերք են փնտրել: Առաքել Մովսիսյանը խոստովանել է, որ անօրինական զենք ուներ, եւ հավելել, որ ԱԱԾ-ին է հանձնել: Նա նաեւ վստահեցրել է, որ դրանք արցախյան պատերազմի օրերից մնացած զենքեր էին՝ հակառակորդից մնացած ավար:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը Facebook-ում նրա հետ զրույցի տեսանյութ է հրապարակել, որը նկարահանել է գեներալի կալանավորման որոշումը կայացնելու օրը: Գրիգորյանն իր համար պատվի խնդիր է համարում ամբողջ ճշմարտության բացահայտումը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի առանձնատանն ու ամառանոցում ԱԱԾ գործողություններից եւ բացահայտումներից հետո Ազգային ժողովը նրան անձեռնմխելիությունից զրկեց եւ կալանավորելու թույլտվություն տվեց հունիսի 19-ինշ: Նույն օրը դատարանը կալանքի որոշում կայացրեց: Այսօր Գրիգորյանի պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանն ասել է՝ նրա նկատմամբ խոշտանգում է իրականացվում, քանի որ լիազոր մարմինները հաշվի չեն առել նրա հիվանդություններն ու արգելանք են կիրառել: Մանվել Գրիգորյանի անվան շուրջ ձեւավորված քաղաքական եւ հասարակական մթնոլորտն էլ, փաստաբանի կարծիքով, չի կարող բարենպաստ անդրադառնալ գործի օբյեկտիվ քննության վրա։ 

«Զինված խմբի» գործով ամբաստանյալներից Հարություն Սարիբեկյանը՝ «Զիմն» ազատ արձակվեց. նրա խափանման միջոց կալանավորումը դատարանը փոխարինեց չհեռանալու մասին ստորագրությամբ: Գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խափանման միջոցը փոխելու համար էլ անձնական երաշխավորություն են ներկայացրել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը: Դատարանն այս միջնորդությունը կքննի հաջորդ նիստին: Ըստ պաշտպանի՝ Վահան Շիրխանյանը լուրջ առողջական խնդիրներ ունի: Նշենք, որ նախորդ նիստին այս գործով ազատ են արձակվել Էդուարդ Ներսիսյանը՝ Ապարն ու «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:

Իսկ «Սասնա ծռերի» գործով նիստին խմբի անդամներ Թաթուլ Թամրազյանի ու Գեւորգ Իրիցյանի խափանման միջոցը չփոխվեց, նրանք մնացին անազատության մեջ: Իրիցյանի եւ Թամրազյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել «Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը:

Ոստիկանությունը մանրամասներ է հաղորդել «Սեքյուրիթի Դրիմ» եւ «Էլիփս» ընկերություններում խուզարկությունների մասին: Իրավապահների տեղեկացմամբ՝ կեղծ հաշվետվություններ են ներկայացվել Ճանապարհային ոստիկանություն, ինչի արդյունքում ընկերությունների տնօրինությունն ավելի քան 1 միլիարդ (1մլրդ 15 մլն 869 հազար 600 հարյուր) դրամ է հափշտակել: Բայց սա միայն մեկ տարվա փաստաթղթերի մասով: Իրավապահները տվյալներ ունեն, որ հափշտակություններ են կատարվել նաեւ նախկինում: Հիմա փորձում են պարզել պետությանը պատճառված վնասի ամբողջ չափը:

«Էլլիպս Ջի Էյ» եւ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության տնօրեն Ալեքսան Զաքարյանը, սակայն, պնդում է, որ ոչ մի լումա չի հափշտակվել: Ասում է՝ առանց փաստաթղթերը նորմալ ուսումնասիրելու ոստիկանությունը շտապել է հայտարարություն անել: Նա նաեւ հերքում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ ԱԺ նախկին պատգամավոր Սաշիկ Սարգսյանի հետ իրենց կապը, ինչի մասին գրում է մամուլը:

Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարական է ներկայացրել: Այդ մասին նա հայտնել է Արմավիրի մարզպետի հետ հանդիպման ժամանակ, իսկ ավելի ուշ քաղաքի ավագանու նիստ է գումարվել, որի ընթացքում էլ ընդունվել է քաղաքապետի հրաժարականը: Նշենք, որ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի պահանջով օրեր շարունակ Արմավիրում բողոքի ակցիաներ էին անցկացվում: Դրանք, ի դեպ, սակավամարդ էին: Ակցիայի կազմակերպիչներն ասում էին, որ մարդիկ պարզապես վախենում են փողոց դուրս գալ:

Այսօրվանից Եվրամիության տարածքում ուժի մեջ են մտել ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների համար սահմանված պատժամիջոցային մաքսատուրքերը: Եվրահանձնաժողովը դրանք սահմանել է՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրոպայից, Կանադայից եւ Մեքսիկայից պողպատի եւ ալյումինի ներմուծման համար մաքսատուրքերի սահմանման: Եվրոպական մաքսատուրքերը կառնչվեն ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների վրա, որոնց թվում են պողպատե իրերը, վիսկին, գետնանուշի կարագը, Harley Davidson մոտոցիկլետները եւ այլն:

Մինչ այդ, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ լարվածություն էր առաջացել Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառով: ԱՄՆ նախագահը որոշել էր անօրինական միգրանտների երեխաներին բաժանել ծնողներից՝ նրանց առանձին վայրերում պահելով: Սա արժանացավ եվրոպական երկրների ղեկավարների քննադատությանը, իսկ Թրամփը, ի վերջո, միգրանտների երեխաներին ծնողներից բաժանելն արգելող հրամանագիր ստորագրեց: Իսկ G7-ի գագաթնաժողովի ժամանակ միջադեպ է գրանցվել Թրամփի եւ Գերմանիայի կանցլերի միջեւ: ԱՄՆ նախագահը կոնֆետներ է նետել Անգելա Մերկելի ուղղությամբ: Այդ մասին պատմել է ամերիկացի վերլուծաբան Իեն Բրեմերը, սակայն միջադեպը տեսագրել, կարծես, ոչ ոքի չի հաջողվել:

Հունիսի 22-ին դոլարը փոքր-ինչ էժանացել է, եվրոն՝ կտրուկ թանկացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 561, ռուբլունը՝ 7 դրամ 64 լումա, ֆունտինը՝ 640 դրամ:

Հունիսի 23-ին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես առանձին հատվածներում գիշերը եւ երեկոյան ժամերին հնարավոր են տեղումներ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +16+18, ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 15․11․2018
Վճռաբեկ դատարանը որոշեց մասնակի բավարարել Քոչարյանի գործով գլխավոր դատախազի բողոքը․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 14․11․2018
Նախորդ օրերի գլխավոր ինտրիգը, թե որ ուժը ինչ կազմով կմասնակցի արտահերթին, այսօր լուծվեց․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 13․11․2018
«Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին եռյակը հայտնի է՝ Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Լենա Նազարյան․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 12․11․2018
Նոր խորհրդարանում ՀՀԿ-ն ուզում է ձևավորել Փաշինյանի թիմի հակառակ բևեռը, և ըստ Վիգեն Սարգսյանի, ընտրությունը լինելու է հենց այս բևեռների միջև․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 09․11․2018
Կրկնակի ռեկորդով չեմպիոնական հաղթանակ․ Աշգաբադում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությանը Սիմոն Մարտիրոսյանը նվաճել է չեմպիոնի կոչումը․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 08․11․2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Աստանայում է․․․
Partner news