News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայում վերջին տասնամյակի ամենադրամատիկ ընտրություններն են տեղի ունենալու հունիսի 24-ին, որը լուրջ փոփոխություններ է բերելու Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ։

Թուրքիայում 2014 թվականի «Մեծ կաշառք» գործողությունից հետո ցայտնոտի մեջ հայտնված եւ անկանխատեսելի քայլերով առաջնորդվող Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական երկարամյա հաջողության վերջին մարտահրավերն է այս ընտրությունները։

2015 թվականի խորհրդարանական ընտրությունների ցածր արդյունքներից հետո երկրի արեւելքում քուրդ բնակչության դեմ զինված գործողություններ եւ բռնություններ սկսած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը շատ չանցած արտահերթ ընտրություն անցկացրեց եւ ի շնորհիվ քրդերի դեմ բորբոքած թշնամանքի ու ատելության, կարողացավ քվեները ավելացնել։  Էրդողանի վարկանիշը բավականին բարձրացավ 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո, երբ նա հայտնվեց տուժվածի կարգավիճակում եւ երկրի բնակչության զգալի մասը՝ դեմ լինելով հեղաշրջմանը, պաշտպանեցին Էրդողանին։

Այդ առիթ դարձավ քաղաքական հակառակորդներին չեզոքացնելու համար հայտարարել արտակարգ դրություն, որը ներկայում Թուրքիայի քաղաքացիների համար գլխացավանք է շարունակում մնալ։

Արտակարգ դրության անընդհատ երկարաձգումը, տնտեսական սխալ ներքին ու արտաքին քաղաքականությունը Թուրքիայի կանգնեցրել են տնտեսական լուրջ ճգնաժամի առաջ, որի հետեւանքով թուրքական արժույթը ռեկորդային անկում է գրանցում գրեթե ամեն օր։

Այս խիստ բացասական զարգացումները ի դժբախտություն Էրդողանի տեղի են ունենաում հենց ընտրություններից առաջ, ինչը առնվազն մինչեւ 7 տոկոս նվազեցնում է Էրդողանի վարկանիշը։

Ազգային արժույթի անկման, ապրանքների թանկացման, ֆոնին, ժողովրդի մոտ մեծ դժգոհություններ են առաջացել։ Արդեն ամբողջ Թուրքիան է խոսում սոխի ու կարտոֆիլի ռեկորդային գնից, երբ կարտոֆիլն արդեն հատով են վաճառում, քանի որ դրա գինը ռեկորդ է գրանցել։

Քաղաքական դաշտում եւս Էրդողանի գործերը նախանձելի չեն։ Նորաստեղծ «Լավ» կուսակցության ու քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության կողմից նախագահի թեկնածուները հրաշալի նախընտրական աշխատանքներ են իրականացնում։ «Ժողովրդահանրապետական» կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Մուհարեմ Ինջեն նախընտրական ուժեղ ու խելամիտ պայքարով դարձել է վերջին տարիների համար թուրքական ընդդիմության ամենահաջողված թեկնածուն։

Նրա ելույթների արդյունքում օր օրի ավելանում են նրան աջակցողներ ու ընտրողների թիվը։

Առանձին թեմա է քրդական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Սելահաթին Դեմիրթաշը, ում դեմ Էրդողանի հրահանգով քրեական գործեր են հարուցել եւ պահում են կալանքի տակ։

Իսկ բազմաթիվ ձերբակալված քուրդ պատգամավորներ, ուղղակի չեն կարողանալու ընտրություններում ապահովել ու տեր կանգնել իրենց կուսակցությանը տված ձայներին։

Քրդական կուսակցության դեմ տարվող բռնաճնշումներն ու արտակարգ դրությունը կուսակցությանը թողել են խորհրդարան անցնել-չանցնելու լուսանցքին։

Կարելի է վստահաբար պնդել, որ արտակարգ դրությունը ոչ միայն քրդական, այլ նաեւ ընդդիմադիր մյուս կուսակցությունների համար էլ լուրջ խնդիրներ է առաջ բերում։ Միջազգային կառույցները Էրդողանին բազմիցս զգուշացրել են արտակարգ դրության պայմաններում ընտրություն անցկացնելու աննպատակահարմարության մասին։

Սակայն արտակարգ դրությունը իշխանություններին պետք է հենց իրենց համար եւ ընտրություններում անցանկալի արդյուքներ գրանցվելուց հետո իշխանությունները պատրաստ են գնալու սադրանքների։ Պատահական չէ, որ արդեն հիվանդանոցներին զգուշացվել է ընտրություններին բոլոր անձնակազմերը լինեն աշխատանքի վայրերում եւ պատրաստ լինել բախումների հետեւանքով վիրավորների ընդունմանը։ Այսինքն բախումներ ու այլ տիպի սադրանքներ հրահրելով՝ հնարավոր կլինի չեղյալ հայտարարել իշխանությունների համար անցանկալի արդյունք ունեցած ընտրությունները։

Սոցհարցումներն ու բնակչության տրամադրվածությունը ցույց են տալիս, որ առաջին փուլով նախագահ չի ընտրվելու։ Թեեւ Էրդողանը առաջին փուլում 10  տոկոսից ավել կհավաքի իր հիմնական մրցակից Մուհարեմ Ինջեից, սակայն երկրորդ փուլում արդեն դրությունը լրիվ այլ կլինի։ Հաշվի առնելով, որ Էրդողանը կհավաքի մոտ 47 տոկոս առաջին փուլում, երկրորդ փուլում ընդդիմադիր թեկնածուներին ընտրածները կնախընտրեն իրենց ձայնը տալ Մուհարեմ Ինջեին, որն էլ ի վերջո կհաղթի նախագահական ընտրություններում։ Սա տեսական մասն է, որը կարող է այնքան էլ չհամապատասխանի իրականությանը, քանի որ արտակարգ դրության պայմաններում ոչ մի կանխատեսում չի կարող ճշգրիտ լինել։

Իսկ ովքե՞ր են ընտրություններում գլխավոր պարտվողները։ Դա Թուրքիայի ժողովուրդն է, թե Էրդողանին ընտրողները, թե ընդդիմության թեկնածուներին ընտրողները։ Թուրքիայում ներքաղաքական, սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական վիճակն այն աստիճան վատթարացել է, որ ցանկացած արդյունքի դեպքում ժողովուրդն արդեն կորցրել է։

Անդրանիկ Իսպիրյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ