Հունիսի 21-ին ոստիկանության Ավանի բաժանմունքնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ երեւանցի Ժիրայր Հովհաննիսյանը եւ Վաղարշապատի բնակիչ Էլմիրա Մալխասյանը Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում հուշանվեր թղթադրամներով պետք է բջջային հեռախոս գնեն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նրանք հայտնաբերվեցին Գայի պողոտայում եւ խարդախություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Ավանի բաժանմունք:
Պարզվել է, որ հունիսի 10-ին Էլմիրա Մալխասյանը խաբեությամբ 600 ԱՄՆ դոլար անվանական արժեքով հուշանվեր հանդիսացող թղթադրամով մի քաղաքացու «Այֆոն 7» բջջային հեռախոսի է տիրացել:
Վերջիններս տվել են խոստովանական բացատրություններ, որ բացի նշված դեպքից մայիս եւ հունիս ամիսներին նրանք Երեւանի տարբեր վարչական շրջաններում կատարել են նմանատիպ այլ խարդախություններ:
51-ամյա Ժիրայր Հովհաննիսյանը ձերբակալված է:
Կատարվում է քննություն:
Կասկածներ կան, որ նրանց գործողությունից հնարավոր է տուժած լինեն այլ քաղաքացիներ եւս, որոնք կարող են դիմել ոստիկանության Ավանի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: