News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երկրապահ կամավորականների միությունը (ԵԿՄ) պետք է գլխավորի ոչ թե մեկ անձ, այլ ազատամարտիկների խորհուրդը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Սեւ հովազ» հասարակական կազմակերպության նախագահ Ռուստամ Գասպարյանը:

«ԵԿՄ վարչությունն այս պահին որոշում է արտահերթ համագումար անցկացնելու հարցը: Այն պետք է հնարավորինս շուտ անցկացնել, որպեսզի արտահերթ ընտրություններ լինեն: Սակայն ես ոչ մեկի ԵԿՄ ղեկավար չեմ տեսնում: Կարծում եմ, որ ԵԿՄ-ն պետք է ղեկավարի Ազատամարտիկների խորհուրդը, ամեն մարզից մեկ հոգի, մի քանիսն էլ՝ Երեւանից, որպեսզի միանձնյա որոշումներ չկայացվեն»,- նշեց Գասպարյանը:

Հարցին, թե ինչպե՞ս կարող է Մանվել Գրիգորյանը վերականգնել իր բարի համբավը, ինչի մասին ՀՀԿ խմբակցության պատգամավորը գրել էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ուղղված նամակում, Ռուստամ Գասպարյանը նշեց, որ ինքը ոչ մի լուծում չի տեսնում այդ հարցին, քանի որ «այն հազարավոր մարդիկ, որոնք Մանվելի կողքին էին, այժմ նրա դեմ են»:

«Երեւի ինքը մտածում է, որ իր արածներից հետո հազարավոր մարդիկ կանգնած են իր թիկունքին, երեւի դա է նկատի ունեցել, սակայն նրա կողքին հիմա ոչ ոք կանգնած չէ: Բացահայտման կարիք էլ չկա, որովհետեւ բոլորին պարզ է, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց նա:

Նշենք, որ այս պահին ԵԿՄ վարչության արտահերթ նիստը շարունակվում է: Դատելով լսվող բարձր ձայներից՝ բուռն քննարկումներ են ընթանում: ԵԿՄ վարչության անդամ չհանդիսացող ազատամարտիկները սպասում են նիստի ավարտին՝ համատեղ հայտարարությամբ հանդես գալու համար:

Տպել
Ամենաշատ