News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երկրապահ կամավորների միությունում (ԵԿՄ) դավաճանություն է տիրում, որը պետք է մաքրվի։ Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԵԿՄ հիմնադիր նախագահ Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո):

«Մենք այսօր հավաքվել ենք ազատամարտի մասնակիցներով, որոնք փառահեղ կերպով անցել են պատերազմի ամբողջ ընթացքը՝ առանց դավաճանական պիտակների, առանց հարեւանի սնունդը գողանալու, ամեն կերպ փորձել են օգտակար լինել իրենց ընկերներին, որից հետո ստեղծել ենք ԵԿՄ-ն: 1993 թվականի հունիսի 20-ին կայացել է ԵԿՄ հիմնադիր համագումարը։ Սակայն այն ժամանակ գործող ռազմական իշխանությունները ԵԿՄ-ն խլեցին մեզանից եւ տվեցին Բազեյան Ալբերտին, հետագայում միությունն անցավ Մանվելին»,- նշում է նա։

Արա Խուդավերդյանի համոզմամբ՝ բիրտ քայլ կատարվեց, երբ ԵԿՄ-ից անջատեցին միությունն ու միության խորհուրդը, թողեցին միայն վարչությունը։ «Մենք ականատես եղանք Մանվելի բիրտ, դավադիր եւ դավաճանական գործողություններին, որի «շնորհիվ» ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորին ուղարկվածը հայտնվեց արջի կերակրամանում»:

Ազատամարտիկն ասում է՝ դրանից հետո միայն կարողացան հասկանալ, որ ԵԿՄ-ում դավաճանություն է տիրում, որը պետք է մաքրվի եւ նշում, որ այս ամենից զայրացած ազատամարտիկները հավաքվել եւ ցանկանում են որոշել ԵԿՄ-ի հետագա անելիքը։

Նա հայտնեց, որ ժամանակավոր ծրագիր ունեն, որով պետք է առաջ շարժվեն:

Ծրագրի կետերի թվում են՝ լուծարել ԵԿՄ կառույցը, հրավիրել աուդիտ՝ ֆինանասական եւ գույքային ստուգումներ անցկացնելու նպատակով, վերանայել կանոնադրությունը, ստուգել պարգեւատրումները եւ դրանք հատկացնելու չափորոշիչները, ստուգել ԵԿՄ-ին տրամադրված նվիրատվություններն ու նպատակային հատկացումները, մշակել ԵԿՄ նոր անվանում, կառույցի հիմքը դարձնել 1988-1994 թվականների պատերազմին մասնակցած ազատամարտիկներին եւ ապրիլյան քառօրյայի մասնակիցներին, օրենքի սահմաններում հոգալ պատերազմի մասնակիցների ծախսերը, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, քանի դեռ չկա օրենք պատերազմի մասնակցի մասին, օրենք ազատամարտիկի մասին, օրենք պատվո վճարի մասին, որը պետք է լինի մոտավորապես 300 դոլարի չափով»։

Նա նշում է, որ այս կետերի շուրջ ժողով կանցկացվի, կկազմվի հանձնախումբ, կներկայացվի ԵԿՄ-ին, եւ եթե մեծամասնությունը որոշի, որ այս ցեխաջրի մեջ չպետք է մտնել եւ պետք է նոր կազմակերպություն ստեղծել, ապա կստեղծվի նոր կազմակերպություն:

Տպել
Ամենաշատ