Հնարավոր է՝ Տարոն Մարգարյանին հնարավորություն է տրվել դիմել փախուստի։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին Երեւանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ մեկնաբանելով այն հանգամանքը, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նիստին չի մասնակցում։
«Պետք է արձանագրենք, որ կան հարուցված մի քանի քրեական գործեր, բայց դեռ չկան մեղադրյալներ։ Նույն «Երեւան» հիմնադրամի տնօրենը հայտնի չէ՝ ինչ կարգավիճակում է։ Սակայն ամենագլխավոր հանցագործը, որ պետք է ներգարվվի որպես մեղադրյալ, Տարոն Մարգարյանն է։ Այսօր ներկայացվում է, թե իբր Տարոն Մարգարյանը վատառողջ է, սակայն հնարավոր է՝ Տարոն Մարգարյանին հնարավորություն է տրվել դիմել փախուստի։
Լայն հանրությունը պահանջում է, որ Տարոն Մարգարյանը ներգրավվի որպես մեղադրյալ, իսկ նրա հետ նաեւ ավագանու այն անդամները, որոնք մեղսակից են Տարոն Մարգարյանին։ Խոսքը միլիոնավոր չարաշահումների ու բռնությունների մասին է, որոնք առնչվել են ընտրությունների կեղծմանը։ Մենք գտնում ենք, որ այս ավագանին պետք է լուծարման մասին հայտարարի եւ միջոցներ ձեռնարկի, որ մեղավորները կանչվեն պատասխանատվության»,–հայտարարեց Փոստանջյանը։
Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին նա նաեւ հարցրեց, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում Տարոն Մարգարյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար, հատկապես Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին պատմող տեսանյութերից հետո՝ նկատի առնելով այն, որ նրա մայրը, հայրը, կինը երբեւիցե ձեռնարկատիրական գործունեությամբ չեն զբաղվել։
Փոստանջյանը հորդորեց Կամո Արեյանին որպես լուծարվող եւ փլուզման եզրին կանգնած Հանրապետական կուսակցության անդամ, Տարոն Մարգարյանին մեղսակից չլինելու համար բարձրաձայնել վերջինիս կողմից կատարված անօրինությունների մասին։ Նա նաեւ կոչ արեց սկսել ավագանու լուծարման գործընթաց։ «Շուրջ մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը այցելեց եւ Տարոն Մարգարյանին փորձեց կրկին կարգել Երեւանի քաղաքապետ։ Նա որպես քաղաքական գործիչ գոյություն չունի, ճիշտ է Հայաստանում է գտնվում եւ դեռեւս «Վարդաշեն» ՔԿՀ–ում չէ, բայց նա չպետք է ձեզ կաշկանդի»,–ասաց Զարուհի Փոստանջյանը։











