Քաղաքային իշխանությունները պետք է դադարեցնեն բնակելի շենքերի «ծակուծուկերում» բազմաբնակարան շենքրի շինթույլտվությունների տրամադրումը։  Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին Երեւանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց «Ելք» դաշինքի ավագանու անդամ Անի Սամսոնյանը։

«Մի՛ փակեք բնակիչների օդը, արեւը եւ լույսը։ Համոզված եմ՝ դահլիճում նստած ձեզանից յուրաքանչյուրի համար տհաճ կլինի բացել սեփական ննջասենյակի պատուհանը եւ հայտնվել դիմացի շենքի ննջասենյակում կամ հակառակը»,–շեշտեց ավագանու անդամը։

Նա կոչ արեց քաղաքային իշխանություններին դադարեցնել կանաչ գոտիների «սպանդը» սրճարանների, քյաբաբնոցների, հազար ու մի անճոռնի կրպակների համար։

«Դադարեցրե՛ք քաղաքային պուրակների սալիկապումը, դա անթույլատրելի է։ Դադարեցրե՛ք Երեւան քաղաքի փողոցներում փնթի, տհաճ բացօթյա առեւտուրը, Երեւան քաղաքը «չարչիանոց» չէ»,–հավելեց Անի Սամսոնյանը։

Նա նաեւ հորդորեց դադարեցնել պատմամշակութային շենքերի ձեւախեղումը. «ՀՀ դատախազության շենքը  պատմամշակութային շենք է, բայց կարող եք տեսնել նրա վերին հարկում ինչ անճոռնի կառույց է խոյացել»։

«Ելք» դաշինքի ավագանու անդամը համոզված է՝ հանուն շահույթի ու փողի քաղաքային իշխանությունները Երեւան քաղաքը դարձրել են «բոշայանոց». «Դուք հեռանալու եք, բայց գոնե թողեք քաղաքը այն տեսքին, ինչպիսին ուզում են այն տեսնել երեւանցիները»։

Արձագանքելով Անի Սամսոնյանի ելույթին՝ փոխքաղաքապետ Կամո Արեյանը հորդորեց ավագանու անդամներին նախաքննության մարմնի գործառույթ չստանձնել։