News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը


ՍԾՏՀԿ 2012թ․ տնտեսական օրակարգն ունի վերանայման եւ համաշխարհային տնտեսական ներկայիս միտումներին հարմարեցման կարիք: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 38-րդ հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նա, մասնավորապես, իր ելույթում նշել է.

«Ջերմորեն ողջունում եմ ձեզ Երեւանում արտաքին գործերի նախարարների խորհրդի 38-րդ հանդիպմանը: Սա Կազմակերպությունում Հայաստանի 5-րդ նախագահությունն է՝ ՍԾՏՀԿ կազմավորումից ի վեր: Այս նախագահությունը հատուկ է նրանով, որ համընկել է այն շրջանին, երբ մենք նշում ենք ՍԾՏՀԿ կանոնադրության ստորագրման 20-ամյակը: Այս հոբելյանը պատեհ հիշեցում է Կազմակերպության ուղենշային սկզբունքներին եւ նպատակներին մեր հանձնառության մասին: Ես վերահաստատում եմ Հայաստանի նոր կառավարության հանձնառությունը՝ լիարժեք կիրառելու ՍԾՏՀԿ ներուժը տարածաշրջանային տնտեսական եւ առեւտրային համագործակցության խթանման ու մեր կազմակերպության կանոնադրական նպատակների արդյունավետ իրականացման նպատակով:

Այս նպատակներն ընկած էին նաեւ մեր նախագահության հիմքում: Անցած վեց ամիսների ընթացքում մենք անցկացրել ենք Ավագ պաշտոնյաների հանձնաժողովի երկու հանդիպում, աշխատանքային խմբերի 14 հանդիպում եւ Կրթության եւ զբոսաշրջության հարցերով երկու նախարարական հանդիպում: Վերջապես, գրեթե 6 տարվա քննարկումներից հետո, ընդունվել է Կանաչ էներգիայի ռազմավարությունը: Սեւծովյան նախագծերի զարգացման ղեկավար կոմիտեն ընդունել է Հայաստանի կողմից առաջարկված՝ Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության վերաբերյալ նախագիծը:

Հանդիսանալով ՍԾՏՀԿ տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների աշխատանքային խմբի համակարգող երկիր եւ ունենալով տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների ու ծրագրավորման ոլորտում զգալի կարողություններ՝ Հայաստանը հետեւողականորեն խրախուսում է այս բնագավառում անդամ պետությունների միջեւ նպատակաուղղված համագործակցությունը: 2019թ. Հայաստանը կհյուրընկալի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը: Մենք հրավիրում ենք ՍԾՏՀԿ անդամ պետություններին օգտվել այս հնարավորությունից՝ կիսվել եւ փոխադարձաբար օգուտ քաղել մեր հավաքական փորձից եւ առավել ընդլայնել այս բնագավառում տարածաշրջանային ամուր համագործակցությանը:

Զբոսաշրջության կայուն զարգացումը նշանակալի ներուժ է կրում ՍԾՏՀ տարածաշրջանում համագործակցության համար: Հայաստանը նախաձեռնել է «Գինու զբոսաշրջությունը Մետաքսե ճանապարհին» նախագիծը եւ հետամուտ է դրա իրականացմանը նաեւ ՍԾՏՀԿ - Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպություն համագործակցության շրջանակներում: Նախագիծն արդեն իսկ վայելում է ՍԾՏՀԿ որոշ անդամ պետությունների աջակցությունը: Մյուսներին եւս կոչ ենք անում միանալ:

Համագործակցության ձեռնարկատիրական հարթության շրջանակում Հայաստանը կարեւորում է ՍԾՏՀԿ տնտեսական համայնքի շրջանակներում առավել ամուր ներգրավվածությունը, գործարար փոխհարաբերություններում փոքր եւ միջին ձեռնարկությունների խթանումը եւ աջակցությունը:

Մենք նաեւ հավատացած ենք, որ ՍԾՏՀԿ 2012թ․ տնտեսական օրակարգն ունի վերանայման եւ համաշխարհային տնտեսական ներկայիս միտումներին հարմարեցման կարիք։ Այս առումով ՍԾՏՀԿ ինստիտուցիոնալ ներուժը իրատեսական գնահատման կարիք ունի։ Որպես միջազգային կազմակերպություն՝ ՍԾՏՀԿ-ն միակը չէ, որ անցնում է բարեփոխումների միջով: Մենք բոլորս կարիք ունենք առավել արդյունավետ եւ գործուն կազմակերպության։ Այնուամենայնիվ, բարեփոխումների գործընթացը չի նշանակում Կազմակերպության հիմնական նպատակների վերաշարադրում։ Հավատացած ենք, որ ՍԾՏՀԿ արդյունավետության բարձրացման համար մենք պետք է ձեռնարկենք արդյունքին միտված գործնական եւ իրատեսական միջոցներ, որպեսզի հասնենք վերջին գագաթաժողովի հռչակագրում ամրագրված ռազմավարություններին եւ ՍԾՏՀԿ հանրությանը, որպես այդպիսին, ընձեռենք շոշափելի օգուտներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ