«Սասնա ծռեր» խմբի անդամ, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանն ազատ է արձակվել՝ գրավի կիրառմամբ: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրում, այսօր՝ հունիսի 28-ին, նման որոշում է կայացրել նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
Այսպիսով Արտուշ Գաբրիելյանի վարույթում գտնվող այս գործով անցնող բոլոր ամբաստանյալների խափանման միջոցը փոխվեց, նրանք ազատության մեջ են:
Աշոտ Պետրոսյանը (նկարիչ Աշոտ) արդեն ազատության մեջ հայտարարեց, որ ոչինչ չի կարող խոսել, քանի դեռ «Սասնա ծռերի» մյուս անդամներն ազատ չեն արձակվել. «Մինչեւ վերջին ծուռը դուրս չգա, կարծում եմ՝ անիմաստ է խոսել ինչ-որ բաների մասին»:
Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի առանձնացված մասով գործը: