
Եվրամիությունը եւս վեց ամիս ժամկետով երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այս որոշումը Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները կայացրել են Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ, հաղորդվում է ԵԽ-ի թվիթերյան էջում, փոխանցում է DW-ն:
Երկարաձգման պատճառ է դարձել առաջընթացի բացակայությունն Արեւելյան Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Տույժերը, մասնավորապես, սահմանափակում են մի շարք ռուսաստանյան բանկերի եւ պետական ընկերությունների մուտքը Եվրամիության կապիտալի շուկա, ինչպես նաեւ՝ նավթի արդյունահանման եւ նավթի հետախուզման համար արտադրանքի մատակարարումը Ռուսաստանին:
Պատժամիջոցներն արգելում են զենքի եւ այլ ռազմական ապրանքների արտահանումը եւ ներմուծումը: Բացի այդ, 150 անձի արգելվում է մուտք գործել ԵՄ երկրներ, եւ նրանց եվրոպական ակտիվները սառեցվում են՝ ճիշտ այնպես, ինչպես՝ 38 ռուսական իրավաբանական անձանց ակտիվները: