News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ինչպես մեր պետական մյուս մարմիների համար, դատախազության համար եւս նոր էջ է բացվել, եւ այդ նոր էջը մեծ հնարավորություն է Հայաստանի Հանրապետության համար, ՀՀ քաղաքացիների համար: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին ՀՀ դատախազության 100-ամյակի տոնական միջոցառման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ, որ մենք այսօր ընդգծենք, որ 100 տարվա գործունեության ընթացքում դատախազության կյանքում եղել են շատ բարդ եւ վիճահարույց շրջաններ՝ սկսած 1930-ական թվականների հայտնի իրադարձոււթյուններից, որ մարդկանց գիտակցության եւ պատմության մեջ մնացել է որպես 37 թվական, շարունակած Հայաստանի անկախության համար պայքարողների համար հետապնդումներից, որոնք տեղի են ունեցել խորհրդային տարիներին: Ցավոք, անկախությունից հետո նույնպես դատախազության գործունեության էջերը միշտ չէ, որ տոնական բառապաշարով եւ տրամադրությամբ են հագեցած եղել ներքաղաքական կոնֆլիկտների, ներքաղաքական պայքարի բովում: Իհարկե, եղել են վիճահարույց, ակնհայտ սխալ, ակնհայտ անթույլատրելի, ակնհայտ անօրինական քայլեր ու որոշումներ, եւ մենք բոլորս այդ մասին գիտենք: Բայց ես սա չեմ ասում մեր տոնը, ձեր տոնը փչացնելու համար, ես սա ասում եմ՝ ընդգծելու համար իմ համոզմունքը, ակնհայտ իրողությունը, որ ինչպես մեր պետական մյուս մարմիների համար, դատախազության համար եւս նոր էջ է բացվել, եւ այդ նոր էջը մեծ հնարավորություն է ինչպես Հայաստանի համար, ՀՀ քաղաքացիների համար, ինչպես պետական բոլոր մարմինների համար, այնպես էլ դատախազության համար:

Եվ այդ նոր էջի ամենաառանցքային սկզբունքը հետեւյալն է. նոր Հայաստանում մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, եւ այդ պատասխանատվությունը պետք է լինի համաչափ, իրավաչափ եւ արդարացի, անմեղները պետք է ընդհանրապես որեւէ հետապնդման չենթարկվեն, տուժողների իրավունքները պետք է լրջագույնս պաշտպանվեն, դատավարության բոլոր կողմերի իրավունքները պետք է պաշտպանվեն, նույնիսկ դատապարտյակների, մեղադրյալների իրավունքները պետք է պաշտպանվեն եւ սա դատախազության կարեւորագույն գործառույթներից մեկն է»,- ասաց նա:

Վարչապետի կարծիքով` Հայաստանի քաղաքացիների կարեւորագույն պահանջն արդարությանն պահանջն է, եւ այս պահանջն իրականացնելու գործում դատախազության դերը դժվար է գերագնահատել:

«Ըստ էության՝ դատախազությունն արդարության ապահովման ճանապարհի ամենակարեւոր խաչմերուկն է, եւ շատ կարեւոր է, որ այդ խաչմերուկում լուսացույցը ճիշտ աշխատի՝ օրենքին համապատասխան, իրավունքին եւ տրամաբանությանը համապատասխան: Եվ ուրեմն՝ նոր Հայաստանում դատախազության կարեւորագույն խնդիրն է՝ ապահովել օրինականությունը, եւ օրինականությունը չպետք է հաշվի առնի, թե ով է դրա հետ առնչվողը՝ իշխանավոր, թե ընդդիմադիր, գործող, թե նախկին պաշտոնյա, եւ որեւէ կապ չպետք է ունենա այս վերաբերմունքը քաղաքական որեւէ կոնյուկտուրայի հետ, որեւէ ենթատեքստի հետ: Նոր Հայաստանում կարեւորագույն գործառույթ կոռուպցիայի դեմ պայքարը եւ կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ մարմինները դատախազության վերահսկողության ներքո պետք է լինեն չափազանց սկզբունքային, եւ կապ չպետք է ունենա, թե ով է կոռուպցիոները՝ նախկին, թե՞ ներկա պաշտոնյա: ՀՀ-ում բոլորը հավասար են օրենքի առաջ, եւ այդ սկզբունքն ապահովող կարեւորագույն կառույցն է ՀՀ դատախազությունը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ կարեւորագույն գործառույթ է նաեւ պետական շահերի պահպանությունը, եւ ինքն ակնկալում է, որ Հայաստանի դատախազությունը սկզբունքային դիրքորոշում կունենա եւ սկզբունքային գործունեություն կծավալի պետական շահերի պահպանության ոլորտում:

Տպել
Ամենաշատ