Նախեւառաջ Ամուլսարի հանքը պետք է փակվի։ NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ է հայտնել երգահան Ռուբեն Հախվերդյանը։
«Ամուլսարի հանքը բացելու դեմը պետք է առնել, ընդհուպ մինչեւ ահաբեկչությամբ։ Ուրիշ ելք ես չեմ տեսնում։ Մեզ սարքում են հնդկացիների նման մի ազգ, որը պետք է պահվի «Հայաստան» կոչված ռեզերվացիայում։ Մենք կդառնանք հնդկացիներ ու վերջ»,–շեշտել է երգահանը։
Նրա համոզմամբ՝ պետք է պահանջել կառավարությունից, որ այս հարցը, վերջապես, փակվի։
«Նախեւառաջ, այսպես կոչված, հանքը պետք է փակվի։ Դա ֆունդամենտալ ճշմարտություն է։ Վերջապես, եթե ձյունը հալվեց, այդ ամբողջ թափոնները՝ ուրանի մնացորդները, ճառագայթումը մտնելու է Արփա գետ։ Արփա գետն էլ վերջում լցվում է Սեւանա լիճ»,–հիշեցնում է Ռուբեն Հախվերդյանը։
Բացի այդ, երգահան ընդգծում է, որ այդ հանքը փչացնում է ամբողջ էկոլոգիան. «Արփայում ձուկ չի մնա։ Առանց այդ էլ կանալիզացիայի պատճառով միայն կոհակն է մնացել»։
Նրա կարծիքով, սա մեր լինել–չլինելու հարցն է։ «Ի՞նչ լուծում։ Ուղղակի պետք է փակվի ու վերջ»,–եզրափակել է Հախվերդյանը։