News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազության եւ Հունաստանի Հանրապետության գերագույն դատարանի դատախազության միջեւ այսօր՝ հուլիսի 3-ին, Երեւանում ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից հուշագիրն ստորագրել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հունական կողմից՝  Հունաստանի Հանրապետության գերագույն դատարանի գլխավոր դատախազ Քսենի Դիմիտրիուն:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հուշագրի շրջանակներում կողմերը, ելնելով իրենց իրավասություններից, կհամագործակցեն հատկապես կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, կոռուպցիայի, մաքսանենգության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի միգրացիայի, մարդկանց թրաֆիքինգի, տնտեսական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում, ինչպես նաեւ քրեական գործերով իրավական օգնության եւ հանձնման մասին միջնորդությունների կատարման ոլորտներում:

Փաստաթղթով նախատեսվում է մասնագիտական փորձի փոխանակում եւ պրոֆեսինալ կարողությունների զարգացում՝ դատախազների փոխայցելությունների միջոցով, ինչպես նաեւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համատեղ աշխատանքի ընթացքում տեղեկատվության օպերատիվ փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել տիկին Դիմիտրիուին՝ ՀՀ դատախազության 100-ամյակի հոբելյանական միջոցառումներին Հայաստանում գտնվելու կապակցությամբ՝ նշելով, որ այդպիսով վերահաստատվել է դարավոր եւ հարուստ պատմություն, հզոր մշակությաին ժառանգություն ունեցող բարեկամ երկրների միջեւ ամենաջերմ եւ անկեղծ հարաբերությունների պահպանման եւ զարգացման երկկողմ անկեղծ ցանկությունը: Արթուր Դավթյանը հավելել է, որ ստորագրված հուշագիրը նոր մակարդակի է բարձրացնում երկու երկրների դատախազությունների միջեւ գործակցությունը, ստեղծում հավելյալ հնարավորություններ ու կառուցակարգեր՝ դատախազների միջեւ օգտակար փորձի փոխանակում իրականացնելու, մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերման եւ հմտությունների կատարելագործման համար:

Շնորհակալություն հայտնելով Հունաստանի համար հազարամյակների պատմությամբ ապացուցված բարեկամ Հայաստանում իրենց ցուցաբերված ընդունելության համար՝ Հունաստանի գերագույն դատարանի գլխավոր դատախազ Քսենի Դիմիտրիուն նշել է, որ ստորագրված փաստաթուղթն ընդգծում է նաեւ երկու պետությունների դատախազությունների միջեւ համագործակցության եւ գործընկերության հետագա ամրապնդման կարեւորությունն ու կարիքը, ինչը պարտավորեցնում է գործուն քայլեր կատարել դրանով նախատեսված առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ՝ ի շահ երկու ժողովուրդների եւ պետությունների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ