Նար-Դոսի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում այսօր՝ հուլիսի 3-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացած 88-ամյա Ռենատա Մնացականյանը խնամակալի հետ էր ապրում: NEWS.am-ին այս մասին հայտնեցին կնոջ հարեւանները՝ նշելով, որ հայտնի չէ, թե ինչի հետեւանքով է բնակարանում հրդեհ բռնկվել:
«Միայնակ կին էր, հիշողություն չուներ: Խնամակալ ուներ, շատ լավ պահում էր իրեն: Մեզ ասացին՝ տներից դուրս եկեք: Իմացանք, որ ինչ-որ բալոն է վառվել, էդ խնամակալին էլ շտապօգնության մեքենայով տարել են, ոտքն է այրվել: Դեպքի մասին հենց էդ կինն է ահազանգել»,- պատմեցին հարեւանները:
Մահացած կնոջ եղբայրը՝ Վլադիմիր Մնացականյանը հաստատեց, որ քույրը խնամակալի հետ էր բնակվում. «Քույրս խնամակալի հետ էր ապրում, նա էլ վնասվածքներ է ստացել: Հիվանդանոց են տարել»:
Նշենք, որ պայթյունի հետեւանքով հարեւան բնակարանները չեն վնասվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 3-ին ժամը 14:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններիրց մեկում հրդեհ է բռնկվել, լսվել է պայթյունի ձայն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բնակարանի պատշգամբում հայտնաբերվել է Ռ.Մ.-ի (1930թ. ծնված) դին:











